Մատչելիության հղումներ

Իշխանության համար ոստիկանությունը «անդեմ մահակ» է


Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը և իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում:

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը և իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում:

Այս օրերին Կոմիտաս 5-ում տեղի ունեցած բախումները, իրավապահների գործողությունները, ըստ Անուշ Սեդրակյանի, հետևանք են «վերևից կոշտ լինելու հրամանի». - «Այս դեպքում մենք արդեն գործ ունենք վերևի ոչ պրոֆեսիոնալիզմի հետ: Որովհետև որևէ պրոֆեսիոնալ վերին կառույց չի կարող նման հրաման տալ»:

«Ես վստահ եմ, որ ՀՀ ոստիկանությունը և ոստիկանները` յուրաքանչյուրն առանձին վերցրած, երբեք չէին գնա նման կոշտ քայլերի, եթե չլիներ կոնկրետ հրահանգ», - նշեց Վարդան Հարությունյանը` շարունակելով. - «Հայաստանյան իշխանությունները հատկապես վերջին տարիներին պատկերացնում են երկիրը որպես մի սեփական կալվածք, իսկ ոստիկաններին` որպես մի անդեմ մահակ, որը կարելի է օգտագործել սեփական ժողովրդի դեմ: Գալիս է մի պահ, երբ այսօրվա գործող իշխանության և իշխանավորների համար ցանկացած գործողություն դիտարկվում է որպես իրենց դեմ ուղղված գործողություն: Եթե մարդը պաշտպանում է իր սեփական շահը կամ իր երեխայի շահը, նրանք արդեն դա դիտարկում են որպես իրենց դեմ ուղղված քայլ և հանձնարարում են իրենց մահակին, որ կոչվում է այսօր ոստիկանություն, հարվածել առաջին պատահածի գլխին»:

Հարցին, թե ձեռնտու է արդյոք իշխանություններին մեկ բարձրահարկ շենքի կառուցման համար այսքան մարդկանց տրամադրել իրենց դեմ, Հարությունյան արձագանքեց. - «Սա կալվածատիրոջ հոգեբանություն է` իմ կալվածքում ինչ ուզեմ կանեմ»:

«Կալվածատիրական, ֆեոդալական մտածողությունը և պետական ինստիտուցիոնալիզմը հիմա կանգնել են իրար դեմ դիմաց: Պետության պարտություն կա, պետության գաղափարի պարտություն կա այս ամենի մեջ, ինչը կոնկրետ ինձ համար շատ ցավալի է», - հավելեց Սեդրակյանը:

Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու առնչությամբ Վարդան Հարությունյանն ասաց. - «Արգիշտի Կիվիրյանի գործը կարող է լինել վկայություն Տիգրան Առաքելյանի դատավարության ժամանակ: Եվ ոչ միայն Տիգրան Առաքելյանի: Դրանից առաջ էլ են եղել այդ նույն հոդվածով դատապարտված մարդիկ, որոնք արդեն ազատ են արձակվել: Թյուրիմացություն է այդ հոդվածը [«իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը»], այդ հոդվածի մեկնաբանումը մեր դատարանների կողմից: Որովհետև կա ծեծված մարդ, որին ծեծել են, որի դեմքին արյուն կա, որը ստացել է ուղեղի ցնցում, որը ստանում է բժշկական օգնություն, որը ունի վնասվածքներ: Ոստիկաններից որևէ մեկի վրա չկա որևէ վնասվածք, բայց ձևակերպում են դիմադրություն: 5-6 ոստիկան, կամ 50-60 ոստիկան կարող են գալ և ստորագրել, որ իրենք վկա են եղել, որ Արգիշտին դիմադրել է ոստիկաններին: Եվ Արգիշտի Կիվիրյանը կարող է հայտնվել Տիգրան Առաքելյանի կողքին»:

Ամփոփելով քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկած ավարտվող ամառը և գնահատելով ապաքաղաքականացված բողոքի ակցիաները` Անուշ Սեդրակյանն ասաց. - «Արդեն իշխանությունները մտել են ոչ միայն մարդկանց գաղափարական և սեփականատիրական տարածք. նրանք մտել են մարդկանց նվազագույն կենսապայքարի համար անհրաժեշտ տարածքը: Խոսքը գնում է տառացիորեն փոքր, նվազագույն գումարներ, կենսական տարածք, ապրելու տեղ, փոքր բիզնես մարդկանցից շորթելու քաղաքականության մասին: Դա նշանակում է երկու բան. առաջին` խոշոր ռեսուրսները սպառվել են, երկրորդ` եթե քաղաքացիական անհնազանդությունը չշարունակվի, այդ դրամաշորթման, կենսական տարածքի շորթման քաղաքականությունը կշարունակվի առավել լկտի կերպով»:

«Չլինելով քաղաքականացված մարդ` ասեմ, որ քաղաքական կուսակցությունների դերը իզուր է այդքան նվազեցվում: Այն, ինչ ունենք այսօր, արդյունքն է 2007-2008 թվականների և դրանց հաջորդած ընտրությունների: Վերջին տարիների զարգացումները Հայաստանում հանգեցրեցին նրան, որ մարդիկ սկսում են հասկանալ, նույնիսկ տարեց մարդիկ, որ իրենք կարող են երկրում ինչ-որ բան փոխել: Այսինքն ձևավորվում է այն, ինչի մասին այդքան երկար խոսում էինք` քաղաքացիական հասարակություն», - եզրափակեց Վարդան Հարությունյանը:
XS
SM
MD
LG