Մատչելիության հղումներ

Իբրահիմբեկովը ընտրություններին չի մասնակցի


Ռուստամ Իբրահիմբեկովը հարցազրույցի ժամանակ, հուլիս, 2013թ․

Ռուստամ Իբրահիմբեկովը հարցազրույցի ժամանակ, հուլիս, 2013թ․

Օսկարակիր ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններին չի մասնակցի. երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ որոշեց մերժել վերջերս միավորված ընդդիմության հիմնական թեկնածուի գրանցումը՝ պատճառաբանելով, թե նա այլ երկրի քաղաքացիություն ունի:

«Սահմանադրության համաձայն, երկքաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող հավակնել Ադրբեջանի նախագահի պաշտոնին», - հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձաժողովի քարտուղար Արիֆ Մուխտարովը՝ ընդգծելով, որ Իբրահիմբեկովը Ռուսաստանի քաղաքացի է արդեն 20 տարուց ավելի:

Ընդ որում, ըստ պաշտոնական պատճառաբանության, ռուսական անձնագիրը հանրահայտ ռեժիսորին խոչընդոտող միակ խնդիրը չէ․ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ թեկնածուն նաև պետք վերջին տասը տարվա ընթացքում մշտապես բնակված լինի Ադրբեջանում, «մինչդեռ Իբրահիմբեկովը իր կյանքի 74 տարիների ընթացքում Ադրբեջանում է բնակվել ընդամենը 1163 օր»,- հաշվել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Ընդդիմադիր դաշտում այս պատճառաբանությունները միանգամայն անհիմն են որակում:

Դեմոկրատական ուժերի դաշինքը հիշեցնում է, որ հանրահայտ ռեժիսորը դեռևս մի քանի ամիս առաջ դիմել է Ռուսաստանի նախագահին՝ իրեն այդ երկրի անձնագրից զրկելու խնդրանքով: Ճիշտ է՝ Կրեմլի ղեկավարը մինչ օրս այդ հայցը չի բավարարել, սակայն չի լրացել նաև թեկնածուների գրանցման համար սահմանված վերջնաժամկետը:

«Իսկ ի՞նչ կլինի, եթե Պուտինը որոշի հենց վաղը այդ խնդրին լուծում տալ», - ԿԸՀ-ի նիստում հարցրեց ընդդիմադիր «Ումիդ» կուսակցության ներկայացուցիչ Ինգբալ Աղազադեն:

Պաշտոնական պատասխան, սակայն, այս հարցադրումն այդպես էլ չստացավ, թեև արևմտյան կառույցներն ու միջազգային կազմակերպությունները մի քանի անգամ հրապարակավ կոչ էին արել Ադրբեջանի իշխանություններին՝ հավասար պայմաններ ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար:

«Ավելորդ է ասել, որ բոլոր թեկնածուներին պետք է հնարավորություն տրվի մասնակցել ընտրություններին», - օրեր առաջ Բրյուսելում հայտարարել էր Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայքլ Մաննը՝ հիշեցնելով, որ այս կոչը ավելի վաղ հնչել էր նաև ընտրությունների ընթացքին հետևող ԵԱՀԿ-ի առաքելության կողմից:

Նշենք, որ իրադարձությունների զարգացման այս սցենարը որքան անընդունելի, նույնքան սպասելի էր ադրբեջանցի ընդդիմադիրների համար: Համենայն դեպս, միացյալ դեմոկրատական ճամբարը օրեր առաջ արդեն որոշել էր որպես պահեստային թեկնածու առաջադրել 61-ամյա պատմաբան, Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր Ջամիլ Հասանլիի թեկնածությունը:

Այս որոշումից անցել է ընդամենը մի քանի օր, Հասանլին, սակայն, արդեն հայտարարում է, որ Ալիևի վարչակազմը սկսել է իրեն լրտեսել և հսկողություն սահմանել ընտանիքի ու տան վրա: «Ես հստակ զգում եմ, որ իմ շուրջ անծանոթ ու կասկածելի մարդիկ են պտվվում», - «Թուրան» գործակալությանն ասել է միացյալ ընդդիմության թեկնածուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG