Մատչելիության հղումներ

logo-print

Պաշտպանության նախարարի փոխանցմամբ, ԱՄՆ-ի զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցները և պատրաստ են կատարել նախագահ Բարաք Օբամայի հրամանը։

Բրունեյում BBC ռադիոկայանին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարար Չաք Հեյգելը ասել է, որ բանակը կարող է սկսել գործողությունները. - «Այո, պատրաստ ենք, հենց հիմա»։

Վերլուծաբանները նույնիսկ քննարկում են գործողության հավանական ընթացքը։ «Դեյլի Մեյլ» օրաթերթի մեկնաբան Իեն Դրուրիի համոզմամբ, արևմտյան կոալիցիան նախապատվությունը տալիս է հեռահար հրթիռակոծմանը և ռմբահարմանը։ Դա կիրականացնեն անօդաչու ինքնաթիռները, ծովային ավիացիան և Միջերկրական ծովում ու Պարսից ծոցում գտնվող հրթիռակիր նավերն ու սուզանավերը։

Գործողության այդ փուլում կոալիցիան պետք է ոչնչացնի Բաշար ալ-Ասադի հակաօդային պաշտպանության համակարգը, հրամանատարական կենտրոնները, կապի հանգույցները, օդանավակայանները, հրթիռային հենակետերը, զինամթերքի պահեստները և կառավարական շենքերը։ Ենթադրվում է, որ փուլը կտևի 24-48 ժամ։

Բացի այդ, հավանական է Սիրիայի բանակի 4-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 155-րդ բրիգադի ռմբահարումը։ Բրիգադն ունի քիմիական ստորաբաժանում, և ենթադրվում է, թե օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններում հենց այդ ստորաբաժանումն է քիմիական զենք օգտագործել։ Ի դեպ, դիվիզիայի հրամանատարը նախագահի եղբայրն է` Մահեր ալ-Ասադը։

Ռազմական վերլուծաբան Իեն Դրուրիի փոխանցմամբ, ամերիկացիները օպերացիայի ընթացքում կօգտագործեն ռազմանավերից արձակվող «Տոմահավք» տեսակի հրթիռներ, որոնց հեռահարությունը մինչև 2 հազար կիլոմետր է։

Բի-2 «Սթելզ» մակնիշի անտեսանելի ռմբակոծիչները ավերիչ հարվածներ կհասցնեն Ասադի ցամաքային և ստորգետնյա կառույցներին։ Միսսուրի նահանգում տեղակայված Բի-2-ները մեկ անգամ օդում վառելիքով լիցավորվելով, կարող են հասնել մոլորակի ցանկացած կետ։

Ավիակիրներից և սուզանավերից բացի, Միացյալ Նահանգները տարածաշրջանում ունի Ֆ-16 տեսակի կործանիչներ և «Փեթրիոթ» տեսակի օդային պաշտպանության համալիրներ, որոնք տեղայակված են Սիրիայի հարևան Հորդանանի տարածքում։

Ամերիկյան ռազմական կարողություններին Մեծ Բրիտանիան պատրաստ է ավելացնել Կիպրոսում տեղակայած «Տորնադո» տեսակի մարտական ինքնաթիռներ, «Թրաֆալգար» տեսակի սուզանավեր և «Սթորմ-Շեդոու» հրթիռներ։

Արևմուտքը, իհարկե, գերհզոր է, կա՞ն վտանգներ Սիրիայում։ Այո, ըստ վերլուծաբանների, կան։ Սիրիան ունի լավ բանակ և հակաօդային պաշտպանություն։ Զենքի և զինամթերքի աղբյուրը Ռուսաստանն է։ Սիրիացիները կարող են վայր գցել արևմտյան օդանավերը։

Մյուս վտանգը գործողության ընթացքում խաղաղ բնակչության շրջանում պատահական զոհերի հավանականությունն է, ինչը քարոզչական պատերազմում Արևմուտքի համար կլինի ծանր կորուստ։

Բայց ամենամեծ վտանգը կապված է քիմիական զենքի հետ։ Անխուսափելի քաոսի պայմաններում այդ զենքը կարող է ընկնել ահաբեկիչների ձեռքը և օգտագործվել Արևուտքի դեմ, իսկ դա արդեն իսկական աղետ կլինի։

Հետևաբար անհրաժեշտ է ցամաքային օպերացիա, կլինեն զոհեր. այս տարբերակն էլ խիստ անցանկալի է Արևմուտքի ղեկավարների համար, քանի որ քաղաքական հետևանքներ կունենա, սակայն եթե հիմնական օպերացիան ծավալվի, ապա Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում և կոալիցիայի այլ մայրաքաղաքներում ստիպված կլինեն հաշտվել դրա հետ։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հինշաբթի օրը արտահերթ նիստում քննարկելու է Սիրիայի խնդիրը։ Արևմուտքի վերլուծաբանների կարծիքով, պատերազմը առավել քան հավանական է։

Ռուսաստանը նախազգուշացնում է, որ պատերազմն աղետաբեր կլինի ամբողջ տարածաշրջանի և աշխարհի համար, մինչդեռ, Արևմուտքի վերլուծաբանների համոզմամբ, պատերազմի վտանգն առավել քան հավանական է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG