Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են Սիրիային հարվածելու համար


ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգլը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման գրոհի հրաման տա, ապա ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ վիճակում են` Սիրիային հարվածելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ իրենք անհերքելի ապացույցներ ունեն, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել:

ՄԵծ Բրիտանիան ևս Սիրիական հակամարտությանը հնարավոր ռազմական միջամտության ծրագրեր է մշակում: Այդ երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնն ընդհատել է իր արձակուրդն ու վերադարձել Լոնդոն` սիրիական խնդրի պատճառով: Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և մերձավորարևելյան երկրների ղեկավարների, իսկ նախօրեին նաև` Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մինչդեռ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները քիմիական զենք չեն կիրառել, այդ քիմիական գրոհը օտարերկրյա վարձկանների և ապստամբների ձեռքի գործն է: Մուալլեմը հավելել է նաև, որ Արևմուտքը քիմիական գրոհը ցանկանում է որպես պատրվակ օգտագործել Սիրիայի դեմ ագրեսիա սկսելու համար:

Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնիոն, մինչդեռ, հայտարարել է, որ իր երկիրը դեմ է առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համաձայնության Սիրիային հարվածելու յուրաքանչյուր որոշման:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները հետաձգել են Հաագայում վաղը նախատեսված ռուս-ամերիյան երկկողմ հանդիպումը, որի նպատակն էր Սիրիայի հարցով միջազգային համաժողովի կազմակերպումը: Ռուսաստանը այսօր ափսոսանք է հայտնել ԱՄՆ այս որոշման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG