Մատչելիության հղումներ

Արդեն ավարտվում է արտագնա աշխատանքի շրջանը, սակայն Հայաստան վերադարձողները շատ չեն:

Երեւանի փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ հայտարարություններ, որոնք առաջարկում են մատչելի գներով և հարմարավետ ավտոբուսներով տեղափոխել ձեզ դեպի Ռուսաստանի Դաշնություն: Մեկնում են հիմնականում աշխատելու նպատակով: Այդպիսի կազմակերպություններից մեկի տնօրեն Արտյոմ Ասրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ արդեն ավարտվում է արտագնա աշխատանքի շրջանը, սակայն Հայաստան վերադարձողները շատ չեն:

Կազմակերպությունը երկու տարի է, ինչ ուղևորափոխադրումներ է իրականացնում Ռուսաստանի տարբեր քաղաքաներ՝ Սոչի, Պյատիգորսկ, Մոսկվա, Կրասնոդար:

Ընկերության տնօրենը փոխանցեց, որ Հայաստանից արտագնա աշխատանքի հիմնականում գնում են Կրասնոդար և Սոչի: Նրանք, ովքեր որոշել են հաստատվել Ռուսաստանում և մեկնում են ընտանիքներով, ավելի շատ կանգ են առնում Ռոստովում, Վլադիկավկազում, Պյադիգորսկում:

«50-60 տեղանոց ավտոբուսը գնում է, 5-6 հոգով հետ է գալիս: Հիմա մեզնից օգտվողները ավելի շատ մեկնում են ընտանիքներով, ու էդպիսի բաժանում չկա, որ ցածր սոցիալական խմբի մարդիկ են գնում, բոլոր խմբերի մարդիկ էլ գնում են: Պարտքով փող են վերցնում եւ գնում աշխատելու», - ասաց Արտյոմ Ասրյանը:

Հարցին, թե ինչ հաճախականությամբ է իրենց կազմակերպությունը ուղևորափոխադրումներ կատարում, Արտյոմ Ասրյանը պատասխանեց․ - «Շաբաթական երեք օր, բայց հինգ օրն էլ այստեղից տեղափոխություններ են լինում, մեկ ընկերություն չի, երկուսը չի»:

Հիշեցնենք, որ, ըստ Ազգային վիճակագրական վարչության տվյալների, այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից մեկնած և չվերադարձած քաղաքացիների թիվը կազմել է 123 հազար, որը 30 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը: Պաշտոնական տվյալներով, միայն վերջին 3 տարիներին ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ:

Հայաստանից աշխատելու նպատակով մեկնողների առաջին նպատակակետը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը` չնայած այն բանին, որ Ռուսաստանը վերջին ամսվա ընթացքում խստացրել է միգրացիոն քաղաքականությունը. ստեղծել է ճամբարներ միգրանտների համար, նրանց պահում է այդ ճամբարներում, որից հետո արտաքսում է իրենց իսկ երկրներ: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով, նույնիսկ այս խստեցված քաղաքականության պարագայում Հայաստանից դեպի Ռուսաստան արտագաղթի հոսքը շարունակվելու է:

«Եթե մարդը իր բնակավայրում իրեն հարմարավետ է զգում, նույնիսկ կրկնակի վաստակելու պայմանով չի մեկնի: Միանշանակ անհարմարավետ երկիր ենք ստեղծել, որտեղ ոչ մի խավի հարմարավետ չէ ապրել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ժողովրդագիրը:

Խոսեցինք նաեւ պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների հետ, ովքեր ասում էին, որ Հայաստանում կատարելով այն աշխատանքը, որը կատարում են արտագնա աշխատանքի մեկնելիս, այնքան չեն վարձատրվում, որպեսզի կարողանան հոգալ իրենց ընտանիքների պահանջները:
XS
SM
MD
LG