Մատչելիության հղումներ

logo-print

Այս գիշեր ոստիկանները բերման են ենթարկել քաղաքապետարանի առաջև նստացույց անող չորս ակտիվիստների, ովքեր փորձել են քնելու նպատակով պառկել մուտքի աստիճանահարթակին:

Ինչպես պատմում էր ոստիկանության բաժին տարված Սուրեն Սահակյանը, առանց որևէ նախազգուշացման մոտ մեկ տասնյակ իրավապահներ ֆիզիկական ուժի գործադրմամբ՝ գրկելով, հրելով, երբեմն քարշ տալով իրենց տեղափոխել են ոստիկանական մեքենա:

«Ոստիկանական բաժանմունքում մնացել ենք օրենքով սահմանված երեք ժամը, որևէ բացատրություն չի տրվել, թե ո՞ր օրենքի համաձայն այստեղ չպետք է քնենք, կամ նստենք: Այսինքն, ըստ էության, խոչընդոտել են ազատ տեղաշարժի իրավունքը», - մեզ հետ զրույցում մանրամասնեց Սահակյանը, - «Բերման են ենթարկել, իրենց խոսքերով, ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար, բայց ո՞րն է այդ օրինական պահանջը` մինչ այժմ ես չգիտեմ»:

Ակտիվիստները վարչական իրավախախտումների վերբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, որը հենց ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելն է, տուգանվել են 50 հազարական դրամով, սակայն մտադիր չեն վճարել գումարը և պատրաստվում են բողոքարկել որոշումը դատարանում:

Շուրջ մեկ ամիս նստացույց անող ակտիվիստները անվտանգության նկատառումերով են որոշել քաղաքապետարանի աստիճանների վրա քնել, տեսախցիկների հսկողության ներքո, քանի որ նախօրդ օրերին գիշերները նստացույցի որոշ մասնակիցներ բռնության են ենթարկվել:

«Մենք հստակ գիտենք, որ գործում է բանդա, այսինքն` կազմակերպված հանցավոր խմբավորում: Հետևում են, մարդիկ եթե քիչ քանակությամբ` մեկ-երկու հոգով հեռանում են այստեղից, հարձակվում են, կողոպտում, ծեծում, ահաբեկում` այլևս այստեղ չգաք, դուք մեր հայրերին եք կպնում, բացականչություններով: Ոստիկանությունը ցուցաբերում է անգործություն: Բայց հերիք է` ոտքդ դնես աստիճանահարթակին, միանգամից հավաքվում են կարմիր բերետավորներով, շղթա կազմում, վերցնում, ոլորում», - ասում էին ակտիվիստները:

Երևանի փոխոստիականապետ Վալերի Օսիպյանը, մինչդեռ, այսօր հակադարձելով այս պնդումներին ասաց, որ նույնիսկ բնակելի շենքի աստիճանահարթակին չի կարելի պառկել, ինչ վերաբերում է ակտիվիստների մատնանշած անվտանգության նկատառումներին, ապա, ըստ Օսիպյանի, դրանք անհիմն են․ - «Դա տեղի է ունեցել ոչ թե քաղաքապետարանի հարակից տարածքում, այլ դա տեղի է ունեցել այլ փողոցներում, մայրաքաղաքի այլ հատվածներում: Այո, ցավալի երևույթ է, բայց այդքանը` ես ավելին չեմ կարող ասել: Համապատասխան մարդիկ զբաղվում են»:

Նստացույցի մասնակիցներից Վահագն Մինասյանը մեկ գիշերվա մեջ երկու անգամ է բերման ենթարկվել: Երեք ժամ ոստիկանական բաժանմունքում անցկացնելուց հետո նա դարձյալ վերադարձել ու փորձել է պառկել աստիճաններին:

Վահագնի հայրը նախօրեին նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` բարձրաձայնելով իր ընտանիքի վրա բանեցվող ճնշումների մասին, որպեսզի որդուն ստիպեն հրաժարվել պայքարից: Ակտիվիստի գնահատմամբ ոստիկանությունն ու քաղաքային իշխանությունները համագործակցում են այս հարցում:

«Որպեսզի ճնշեն ընդվզումը, ճնշեն իրավագիտակից քաղաքացիներին, թույլ չտալով նրանց իրացնել իրենց իրավունքներ», - ասում է ակտիվիստը:

Ակտիվիստների պնդմամբ, նստացույցը չի դադարեցվի, մինչև քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «ԵրևանՏրանս» ընկերության ղեկավար Միսակ Համբարձումյանը պաշտոնանկ չարվեն:
XS
SM
MD
LG