Մատչելիության հղումներ

Մոսկվան և Թբիլիսին` դիվանագիտական նոր սկանդալի շեմին


Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը Պիցունդայում հյուրընկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 25-ը օգոստոսի, 2013թ․

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը Պիցունդայում հյուրընկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 25-ը օգոստոսի, 2013թ․

Պուտինի մի քանի ժամանոց այցը Աբխազիա բավարար էր Վրաստանի կտրուկ հակազդեցությունն առաջացնելու համար:

Անցած շաբաթավերջին Վլադիմիր Պուտինի ընդամենը մի քանի ժամ տևած այցը Աբխազիա հերթական ռուս - վրացական դիվանագիտական սկանդալի պատճառ դարձավ: Պաշտոնական Թբիլիսին ու Մոսկվան կարծես կրկին վերադարձել են մի քանի տարի առաջ ստեղծված իրադրությանը, երբ փոխադարձ մեղադրանքներն ու քննադատությունը երկկողմ հարաբերությունների մշտական ֆոնն էին:

Ռուսաստանի նախագահի այցը հիմնականում արարողակարգային բնույթ ուներ և նվիրված էր Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության պաշտոնական ճանաչման հինգերորդ տարեդարձին:

«Մենք քննարկում էինք երկկողմ հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում: Զրույցի ընթացքում քննարկված թեմաների շրջանակը բավական ծավալուն էր` տնտեսությունից մինչև անվտանգության հարցեր», - նշել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ռուս - աբխազական հարաբերությունները հաջողությամբ են զարգանում` վերջին 5 տարիների ընթացքում Մոսկվան ու Սուխումը 80 երկկողմ համաձայնագիր են ստորագրել:

Բայց նույնիսկ Պուտինի մի քանի ժամանոց այս այցը բավարար էր Թբիլիսիի կտրուկ հակազդեցությունն առաջացնելու համար: Այցի հաջորդ օրն արդեն Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Թբիլիսիում Ռուսաստանի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանության միջոցով բողոքի նոտա հղեց Մոսկվային: Արտգործնախարար Մայա Փանջիկիձեն էլ Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում երկուշաբթի օրը հայտարարեց․ - «Բնականաբար, մենք խստորեն դատապարտում ենք այս այցը, քանի որ այն հերթական ոտնձգությունն է Վրաստանի անկախության և տարածքային ամբողջականության հանդեպ»:

Պուտինի այցը Աբխազիա դատապարտեց նաև Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը, որն այսօր հայտարարություն տարածեց՝ նշելով․ - «Մեր համոզմամբ՝ այս այցը չի համապատասխանում պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության միջազգայնորեն ընդունված նորմերին: Մենք մեկ անգամ ևս մեր հաստատակամ աջակցությունն ենք հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Թբիլիսիի դժգոհության ևս մեկ առիթը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցն էր աբխազական հեռուստատեսությանը և այն գովեստի խոսքերը, որ հնչեցրեց ռուսական դիվանագիտության ղեկավարը Բիձինա Իվանիշվիլիի հասցեին:

«Մենք ընդգծում ենք Վրաստանի նոր կառավարության հայտարարությունները աբխազների և օսերի հետ հարաբերություններ հաստատելու Թբիլիսիի ձգտման մասին: Մենք ողջունում ենք նման հայտարարությունները: Եթե ելնենք շարքային մարդկանց շահերից` նպաստել նրանց ամենօրյա կյանքի դյուրացմանը, ապա կարելի է բոլոր աշխարհքաղաքական կարծրատիպերը մի կողմ թողնել», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Հակադարձելով իր ռուսաստանցի պաշտոնակցի հայտարարություններին՝ Մայա Փանջիկիձեն նշել է․ - «Ես կարծում եմ, որ պարոն Լավրովն այնքան էլ լավ չի հասկացել այն, ինչ ասել է վարչապետ Իվանիշվիլին: Իրականում մեր կառավարության ղեկավարի հայտարարությունն արվել է փոքր-ինչ այլ համատեքստում: Խոսքը վրացիների և աբխազների, վրացիների և օսերի միջև փոխադարձ վստահության վերականգնման մասին է»:

«Միայն մարդկային շփումների վերականգնումից ու տնտեսական հաջողություններից հետո հնարավոր կլինի ապացուցել մեր աբխազ և օս եղբայրներին, որ մենք ցանկանում ենք նրանց հետ ապրել և մեր ապագան գծագրել միասնական պետության շրջանակներում», - շեշտել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG