Մատչելիության հղումներ

Չնայած ծեծին՝ Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց անողները վճռական են


Նրանք պնդում են, որ ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը հանցավոր համաձայնության մեջ են «10 հոգանոց բանդայի հետ», նպատակ ունենալով ճնշել հանրային բողոքի այս ալիքը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «ԵրևանՏրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով քաղաքապետարանի դիմաց հուլիսի 26-ից ընթացող նստացույցի առնչությամբ ծեծի ենթարկված հինգ անձանցից երեքը դատաբժշկական փորձաքննության են դիմել:

«Սա կոչվում է ահաբեկչություն, և ես սա այսպես չեմ թողնելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց նրանցից մեկը՝ Կանադայի բնակիչ Միքայել Տոնոյանը:

Նա պատմեց, որ երեկ ուշ երեկոյան քաղաքապետարանի առջև մոտ 20 րոպե զրուցել է նստացույցի մասնակիցների հետ, այնուհետև շարժվել է դեպի Հաղթանակի կամուրջ: Կամրջի մոտակայքում երեք-չորս երիտասարդներ փակել են ճանապարհը և հետաքրքրվել են, թե արդյոք Տոնոյանը մասնակցո՞ւմ է նստացույցին: Եվ թեև վերջինս պատասխանել է, որ նստացույցին չի մասնակցում, երիտասարդները, ասելով թե՝ «մեր պապաներին նեղացրել են», հետևից հարվածել են Տոնոյանին: Վերջինս, իր խոսքով, հարվածից ընկել և վնասվածքներ է ստացել, իսկ նրա վրա հարձակված երիտասարդները դիմել են փախուստի:

Միքայելը Կանադայի բնակիչ է, և վրդովված այս միջադեպից՝ որոշել է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Նա պատրաստվում է հանդիպել Կանադայի հյուպատոսին, ԱՄՆ դեսպանին:

Այսօր դատաբժշկական փորձաքննության էին ներկայացել նաև ակտիվիստներ Միհրան Մարգարյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Հիշեցնենք, որ այս տղաների վրա հարձակում էլ տեղի ունեցել շաբաթ օրը: Ի դեպ, այդ նույն օրը քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած ակցիայից հետո Բաբկեն Տեր-Գրիգորյանը նաև բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ ունեցած զրույցում տղաները պատմեցին դեպքի մանրամասներ: Նրանց խոսքով, 10 հոգանոց մի խումբ շրջապատել է իրենց, հնչեցրել են արդեն հայտնի նախադասությունը՝ «մեր հայրերի դեմ եք դուրս եկել», ինչին հաջորդել է ծեծը:

«Եթե ոստիկանությունը ցանկանա՝ 5 րոպեում կգնի մեղավորներին», - ասում էին ծեծի ենթարկվածները, պնդելով, որ հարակից տարածքներում տեսախցիկներ կան:

Երևանի քաղաքապետարանի առջև այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նստացույցի մասնակիցներից ակտիվիստ Վահագն Մինասյանը հայտարարեց, որ քաղաքապետարանն ու ոստիկանությունը հանցավոր համաձայնության մեջ են գտնվում, իրենց բնութագրմամբ՝ «10 հոգանոց բանդայի հետ», նպատակ ունենալով ճնշել հանրային բողոքի այս ալիքը:

«Պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ մենք չենք տրվելու սադրանքների, չենք վախենալու, պատրաստ ենք նաև ծեծի ենթարկվել: Մեր պահանջի իրականացմանը անպայման հասնելու ենք», - նաև ասաց Մինասյանը:

Երեկ երեկոյան Երևանի Ամիրյան և Մաշտոց փողոցների վրա հարձակում է տեղի ունեցել ևս երկու ակտիվիստի վրա: Վերջիններս դեռ չեն դիմել ոստիկանություն, և ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վահագն Մինասյանը, դեռ խուսափում են նշել իրենց անունները: Երիտասարդներից մեկից ոսկե շղթա են գողացել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը այս դեպքերի հետ կապված «Ազատություն» ռադիոկայանի բոլոր հարցերին ի պատասխան ասում էր` հետևեք մեր կայքին: Ոստիկանության կայքում, մինչդեռ, շատ ընդհանուր տեղեկություն կա օգոստոսի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածքների, գողության դեպքերի մասին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG