Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն․ «Օգոստոսի 24-ի միջադեպը նոր ցավ էր մեզ համար»


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ասուլիսի ժամանակ, հուլիս, 2013թ․

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ասուլիսի ժամանակ, հուլիս, 2013թ․

Երևանի Կոմիտաս փողոցում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է բազմաթիվ ահազանգեր և հետևել իրավիճակին իր արագ արձագանքման խմբերի ու լրատվամիջոցների շնորհիվ:

«Այս միջադեպը նոր ցավ և դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես հիասթափեցնող էր առանձին ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն պահվածքը», - այսօր տարածած հաղորդագրությունում ընդգծում է օմբուդսմենը՝ շարունակելով․ - «Միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Արդեն պատրաստ է և այսօր կուղարկվի մեր պաշտոնական հարցումը Ոստիկանությանը: Ի թիվս այլ հարցերի մենք հատկապես ցանկանում ենք պարզել Արգիշտի Կիվիրյանի և այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության համաչափությունը»:

«Ինչ վերաբերում է առանձին քաղաքացիների կողմից ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցույց տալու արարքներին, վերջնական գնահատական տալու իրավասությունը տրված է բացառապես դատարանին: Ցավոք, ներկայիս դատական համակարգի վերնախավի պարագայում նմանատիպ գործերով քչերն են ակնկալում արդար դատաքննություններ: Հաճախ դատարանների նկատմամբ արդարացի անվստահությունն է մեր քաղաքացիներին ստիպում դիմել ինքնիրավչության և ապօրինությունների, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից` անթույլատրելի ու դատապարտելի», - ասված է մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունում:

Կարեն Անդրեասյանը մտահոգություն է հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ծեծի կապակցությամբ և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն ոչ խտրական և բազմակողմանի քննություն, որի արդյունքում կբացահայտվեն բոլոր իրական մեղավորներն ու կենթարկվեն պատասխանատվության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG