Մատչելիության հղումներ

Կոմիտաս 5-ի բողոքողներից տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել


Կոմիտաս պողոտայի սկզբնամասում այսօր շատ էին իրավապահները, այդ թվում՝ կարմիրբերետավորները: Ապօրինի կառուցապատման դեմ բողոքողներից տասնյակ մարդիկ բերման ենթարկվեցին:

Մայրաքաղաքի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ - «Եթե խաթարված հասարակական կարգը վերականգնվում է, բնականաբար, անցնում ենք բնականոն աշխատանքի: Մի քիչ հետո ոստիկանական վերակարգերը կհանենք․․․ Երթևեկությունը կվերականգնվի՝ այլ պահանջ ոստիկանությունը չունի քաղաքացիներից»:

Մովսիսյանի խոսքով՝ բերման ենթարկված քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության և այսօր ազատ կարձակվեն:

Այս տարածքում իրավիճակը լարված էր վաղ առավոտից: Այսօր շինհրապարակում կրկին ծանր տեխնիկա էր աշխատում: Բնակիչներն ու հասարակական ակտիվիստները մի քանի անգամ փակեցին փողոցը, բախումներ եղան ցուցարարների ու իրավապահների միջև:

«Լիբեր» ՍՊԸ-ն, հիշեցնենք, թույլտվություն ունի Կոմիտաս 5 հասցեում 25 մետր բարձրությամբ շենք կառուցելու, սակայն առայժմ չունի վերգետնյա շինարարություն անելու թույլտվություն: Շրջակա շենքերի բնակիչները պահանջում են, որ շինարարությունը դադարեցվի՝ քանի դեռ չկա վերգետնյա մասի՝ իրենց հետ համաձայնեցված նախագիծ:

Օրվա երկրորդ կեսին, «Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, շինարարական աշխատանքները դադարեցվել էին, սակայն իրավապահները շարունակում էին հսկել տարածքը:

Հայաստանի ոստիկանությունը երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ Կոմիտասի պողոտայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ՝ հայտնելով, որ ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ են տարվել 26 անձինք, և զգուշացնելով, որ «հասարակական կարգը խախտելու, մայրաքաղաքի կյանքի բնականոն ընթացքը խաթարելու, մյուս քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, օրենքն անտեսելու յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` օգտագործելով նաև հատուկ միջոցներ»:

Ուշ երեկոյան Նախախորհրդարանը հաղորդեց, թե իր տվյալներով՝ Կոմիտասի պողոտայում այսօր բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG