Մատչելիության հղումներ

Դեզ այրելու փորձի մեղադրանքով արդեն 4 ամիս կալանավայրում գտնվող երիտասարդները իրենց մեղքը չեն ընդունում


Այսօր Էջմիածնի առաջին ատյանի դատարանում 4 երիտասարդների դեմ խուլիգանության և ուրիշի գույքը վնասելու հոդվածներով առաջին դատական նիստն էր, որը հետաձգվեց, որովհետև կողմերից մեկին չէր ուղարկվել մեղադրական եզրակացությունը։

Ապրիլի 17-ից, արդեն ավելի քան 4 ամիս, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում են գտնվում 3 երիտասադներ՝ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը։ 3 երիտասարդները և նրանց ընկերը՝ Արթուր Քլյանը, մեղադրվում են խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը վնասելու քրեական հոդվածներով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ երիտասարդները 4 անգամ Երևանից գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղ՝ խոտ այրելու նպատակով։ Առաջին անգամ հունվարի 6-ին այրել են «խոտի դեզի կողքին թափված ոչ պիտանի հարդը», 2-րդ անգամ «խոտի դեզի հարակից տարածքը»՝ մասամբ խանձելով շան մազը, իսկ 3-րդ անգամ՝ նախորդ դեպքից մեկ շաբաթ անց, կրկին գնացել և հրկիզել են խոտի դեզի հակերից մեկը՝ պատճառելով 36 հազար դրամի նյութական վնաս։ 4-րդ անգամ, երբ գնացել են այրելու դեզը, խոտն այնտեղ չի եղել ու չի հաջողվել։

Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանը, ով տուժող կողմն է, հրդեհներից հետո չի հայտնել, որ կրել է վնաս, և միայն երիտասարդներին կալանավորելուց հետո է ասել, որ կրել է նյութական վնաս։ Այս հանգամանքը տարօրինակ է թվում երիտասարդների փաստաբաններին։ Նրանցից Արամ Մուղալյանի փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացվել, որ փոխվի խափանման միջոցը, քանի որ, ըստ նրա, խուլիգանության հոդվածի դեպքում, երբ մեղադրյալները երբևէ չեն փորձել խուսափել նախաքննական մարմիններից, սխալ որոշում է նրանց կալանավայր ուղարկելը։ Նրա միջնորդություն չի ընդունվել։

«Երբ բողոքարկեցի կալանավորման մասին որոշումը, դատախազն ասաց, որ համոզված է, որ Արամ Մուղալյանը փախուստի չի դիմի, բայց գտնում է, որ պետք է մնա կալանքի տակ»։

4 երիտասարդները նախկինում դատված չեն եղել, նրանցից երկուսը՝ Արթուր Քլյանը և Գագիկ Առաքելյանը ծառայել են բանակում սահմանային գոտում: Արթուրը և Ռոբերտ Փիլոյանը մարզիկներ են ու ունեն հանրապետական մրցաշարերի առաջին տեղի դիպլոմներ, Ռոբերտը ստանում էր 2-րդ բարձրագույն կրթությունը գեղարվեստի պետական ակադեմիայում, իսկ 4-րդ երիտասարդը՝ Արամ Մուղալյանը Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո սովորել է Անգլիայի Քեմբրիջի համալսարանում՝ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով։

4 երիտասարդներն էլ հերքում են մեղադրանքը, չեն ընդունում մեղադրանքի կետերից որևէ մեկը։ Ե՛վ նրանց փաստաբանների, և՛ ընտանիքի անդամների համար անհասկանալի է, թե ինչու է նման մեղադրանք առաջադրվել երիտասարդներին։

Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ երիտասարդները հանցանքը կատարել են, որպեսզի «ընդգծեն իրենց առավելությունները, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնեն, դրանով հասարակությանը հակադրվեն, զվարճանան» և այլն։ Նաև նշվում է, որ նրանք չեն ճանաչել Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին, ով տուժող կողմն է։

Տղաներից Ռոբերտ Փիլոյանի մայրը՝ Մարինա Հակոբյանը, ասաց, որ իր որդին ընկերների հետ ձմռանը մի անգամ գնացել է Սարդարապատ ու կանգնել ճանապարհին բնական կարիքները հոգալու, բայց ոչ դեզ այրելու նպատակով: Նրա խոսքով՝ տղաներն անգամ չեն իմացել, թե որտեղ են կանգնել։ Իսկ մեղադրանքը նա աբսուրդ է որակում։

«Հոդված են դրել, որ մեր երեխաները խաթարել են մարդկանց անդորրը, մենք գնացել այդ տարածքը՝ ամայի տարածք է, ո՞ւմ անդորրն են խաթարել», - ասաց Մարինա Հակոբյանը։

Արամ Մուղալյանի փաստաբան Վահե Գաբրիելյանը ասում է, նախաքննությունը շատ հարցեր չի պարզել ու շատ հանգամանքներ գործում անտրամաբանական են։ Նա ասաց, որ երիտասարդները հերքում են, իսկ նախաքննությունը չի ապացուցել, որ նրանք 4 անգամ եղել են Նորապատ գյուղում, չկան վկաներ։

Դատախազ Արամ Դոլյանը այսօր հրաժարվեց զրուցել «Ազատություն» ռադիկայանի հետ՝ նշելով, որ ճիշտ չի համարում դատաքննության առաջին փուլում հարցազրույց տալ։

Նախաքննության ընթացքում 4 տղաներից 3-ը խոստովանել են, թե իսկապես 4 անգամ գնացել են գյուղ ու փորձել հրդեհ անել հաճույք ստանալու համար, արդեն ավելի ուշ հայտարարել են, որ նման բացատրություն գրել են նախաքննական մարմնի ճնշմամբ։

«Ոստիկանություն տարել են երիտասարդի, ում իրավունքները չեն բացատրել, առանց պաշտպանի են տարել, երկար ժամանակ անհասկանալի պատճառով պահել են ոստիկանության բաժնում, մարդու կամքի վրա ճնշում են գործադրել, համոզել են, որ գրի», - ասաց փաստաբանը։

Գործի կեսից քննիչը փոխվել է, ըստ Վահե Գաբրիելյանի՝ այն պատճառով, որ որ տղաներից մի քանիսի կողմից բողոք է եղել, որ քննիչն իրենց խոշտանգել է։ Ռոբերտ Փիլոյանի մայրը ասաց, որ տեսել է որդուն կապտուկներով, ըստ նրա, որդուն ծեծել են, որովհետև չի գրել քննիչի պահանջած բացատրությունը։

Երիտասարդներից այժմ ազատության մեջ է միայն Արթուր Քլյանը, ով լսելով կալանավորման մասին որոշումը, հոգեկան առողջական վիճակի վատթարացում է ունեցել ու նրան տեղափոխել են հիվանդանոց, ապա գրավի դիմաց ազատ արձակել։ Այսօր նիստի ընթացքում նրա ձեռքը դողում էր, միտքը փոքր-ինչ ցրված էր։

«Առողջական խնդիրներ առաջացել են հենց այս դեպքերի պատճառով, անձը շարունակաբար կրկնում էր, որ անմեղ է, որևէ հանցանք չի կատարել։ Շուրջ մի ամիս-ամիսուկես նա եղել է անգիտակից, բժշկական հսկողության տակ, դեռևս ընդունում է հոգեմետ դեղեր», - ասաց նրա պաշտպան Արմեն Սողոմոնյանը։

Նիստը լսելու էր եկել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, ով ասաց, որ որպես «Լույսի» կրթաթոշակառու ճանաչում է Արամ Մուղալյանին։

«Ո՞րն է մոտիվացիան, ինչու պիտի այս տղաները 4 անգամ փորձեին այրել այդ մարդու դեզը և այդպես էլ չհաջողացնեին, բայց 4 անգամ փորձել են։ Մեղադրական եզրակացությունը ոչ մի տրամաբանության չի համապատասխանում», - ասաց Անահիտ Բախշյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG