Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմությունը վերջնականապես կողմնորոշվեց միասնական պահեստային թեկնածուի հարցում:

Պատմաբան Ջամիլ Հասանլին առաջիկա օրերին պաշտոնապես կառաջադրվի որպես նախագահի թեկնածու, և եթե Ռուստամ Իբրահիմբեկովի առաջադրման հետ կապված իրավական խոչընդոտները չհաղթահարվեն, ապա հենց նա էլ հոկտեմբերի 9-ի ընտրություններին կդառնա Իլհամ Ալիևի հիմնական հակառակորդը:

Հասանլին 61 տարեկան է, աշխատում է Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում, դասավանդում է Բաքվի պետական համալսարանում: Խորհրդային տարիներին աշխատել է Լենինի թանգարանի Բաքվի մասնաճյուղում, 1984 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել խորհրդա-ամերիկյան հարաբերությունների թեմայով:

Ադրբեջանի անկախացումից հետո Հասանլին փոխել է նեղ մասնագիտացումը․ 1992-ին նրա պաշտպանած դոկտորական ատենախոսությունն արդեն նվիրված էր 1918-20 թվականների ադրբեջանական առաջին հանրապետության միջազգային հարաբերություններին:

Անկախության տարիներին նա հեղինակել է մի շարք մենագրություններ, այդ թվում` «Ադրբեջանի պատմությունը` թուրքական օժանդակությունից մինչև ռուսական օկուպացիան» և «Հարավային Ադրբեջանը սառը պատերազմի սկզբնակետ» աշխատությունները:

Ըստ Բաքվի պետական համալսարանի պաշտոնական կայքէջի, Հասանլին 1993-ի ապրիլից սեպտեմբերը զբաղեցրել է Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի խորհրդականի պաշտոնը, հետագայում` 2000-ից 2010 թվականններին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր էր:

Պատգամավորական գործունեության ավարտից հետո Հասանլին սկսեց հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, անդամակցեն Մտավորության ֆորում կազմակերպությանը: Անցած տարեվերջին Հասանլին աչքի ընկավ Ադրբեջանի իշխանական համակարգի «գորշ կարդինալը» համարվող նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի հասցեին հնչեցված կոշտ հայտարարություններով:

«Նախագահի աշխատակազմի ղեկավարը պետք է հստակ բացատրություններ տա` արդյոք ճի՞շտ են պնդումները, թե ինքն ամեն մի ընտրությունից առաջ զբաղված է պատգամավորական մանդատների վաճառքով», - 2012-ի դեկտեմբերին հայտարարում էր Հասանլին:

Այսօր ևս` իր թեկնածության հաստատումից հետո Ջամիլ Հասանլին հանդես եկավ մի շարք կտրուկ հայտարություններով` կոչ անելով ընդդիմության կողմնակիցներին պայքարել Իլհամ Ալիևի քրեածին-ավտորիտար վարչակազմի դեմ:

Հասանլին նաև մի հուշագիր ստորագրեց, որով պարտավորվեց առաջիկա ընտրություններում հաղթանակի դեպքում պաշտոնավարել ընդամենը 2 տարի, ձևավորել Ազգային միասնության կառավարություն և ազատականացնել լրատվական դաշտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG