Մատչելիության հղումներ

«Բարև Երևանը» դատախազության ուշադրությունն է հրավիրում


Armenia -- A group of young people continue struggle against the public transport price increase, Yerevan, 20Jul2013
Armenia -- A group of young people continue struggle against the public transport price increase, Yerevan, 20Jul2013

Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» դաշինքը դատախազության ուշադրությունն է հրավիրում երթուղիներ սպասարկող մի շարք կազմակերպությունների դիմումների վրա, որոնք հիմք են ծառայել Երևանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աղմկահարույց որոշման համար։

Ըստ ավտոբուսների և երթուղայինների ուղեվարձը 150 դրամ սահմանելու ՝ քաղաքապետի հուլիսի 19-ի որոշման, ուղեվարձը բարձրացնելու անհրաժեշտության վերաբերյալ գրություններ էին ստացվել 48 կազմակերպություններից։ Հաշվի առնելով, որ 48-ի դիմումների հիման վրա փորձ էր արվում բարձրացնել բոլոր 137 երթուղիների ուղեվարձը, ընդդիմադիր խմբակցությունը քաղաքապետարանից պահանջել և ուսումնասիրել է այդ 48 հայտերը. պարզվել է, որ այդ հայտերից ընդամենը մեկում է որոշակի հաշվարկ ներկայացվում ուղեվարձը բարձրացնելու վերաբերյալ։ Մնացածում, ըստ «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանի, հակառակ օրենքի պահանջի, որևէ բացատրություն ներկայացված չէ: Ավելին՝ հայտերի մի խումբ բառացիորեն կրկնում է նույն տեքստը, միայն ընկերությունների անուններն են փոխված:

«Ներկայացված փաստերը պիտի դառնան դատախազության ուշադրության առարկան։ Որովհետև ակնհայտ է, որ նրանցից շատերի հայտերը պատրաստվել են նույն մուտքագրված տեքստերի վրա, այդ տեքստը մեկը պատրաստել է, հետո փոխանցել է կազմակերպություններին, այդ կազմակերպություններն արագ-արագ ներկայացրել են։ Երկու-երեք պարբերությամբ գնում է հետևյալ նախադասությունը՝ այսինչ կազմակերպությունը վերջին տարիներին սպասարկել է այսինչ երթուղին, մենք այլևս չենք կարող աշխատել 100 դրամով, խնդրում ենք թանկացնել 150 դրամ։ Որևէ հաշվարկ, որևէ բացատրություն, որևէ հիմնավորում չի ներկայացվել այդ կազմակերպությունների կողմից։ Անպատկերացնելի է, որ Երևանի քաղաքապետը կարող է ինչ որ կասկածելի գրություններ, որոնք նույնաբովանդակ են, ակնհայտ է, որ նույն համակարգչի վրա հավաքված են, բայց ներկայացված են տարբեր կազմակերպությունների կողմից, այդ խայտառակ հայտերի հիման վրա թանկացնել 137 երթուղիների ուղեվարձը։ Կա հայտ, որը բաղկացած է ընդամենը մեկ նախադասությունից», - ասաց նա, - «Սա մի բացատրություն կարող է ունենալ՝ Տարոն Մարգարյանը առնվազն շահագրգռություններ ունեցել է այդ որոշումը կայացնելու»:

Ստյոպա Սաֆարյանը մեջբերեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11- րդ հոդվածը, որը սահմանում է, որ՝ «երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով, այն է՝ «դրամի արժեզրկումը, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների աճը», և այդ վերանայումը պետք է իրականացվի «կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ»:

Ըստ դաշինքի ներկայացուցչի, այդ «իրարից պատճենած» գրությունները ներկայացվել են միևնույն օրը՝ հուլիսի 16-ին: Թե ու՞մ են պատկանում այդ ընկերությունները, դաշինքը փորձում է պարզել:

«Մեկ օր անց՝ ամսի 17-ին, հանձնաժողովը [կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովը] բավարարում է այս կասկածելի հայտերը: Հանձնաժողովը գլխավորում է այնպիսի անձ, ում ընտանիքը նույնպես երթուղային գիծ է սպասարկում։ Նրանք եզրակացություն են ներկայացնում Տարոն Մարգարյանին որոշում կայացնելու համար, որ Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձը պետք է դառնա 150 դրամ։ Այսինքն՝ ծայրից-ծայր ապօրինություն է եղել, ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետը և քաղաքապետարանը փորձել են այս որոշման տակ ուղղակի թղթեր դնել, չնայելով, որ այդ թղթերը հեռու են որևէ ողջամտությունից, որևէ բարոյականությունից։ Անհեթեթ իրավիճակը ստեղծել է Երևանի քաղաքապետը, այս ամեն ինչը կապ ունի ուղղակի նրա անձնական շահագրգռությունների հետ: Քանի որ Երևանում ուղևորափոխադրումներն իրականացնում են պաշտոնատար անձինք ու նրանց ընտանիքները, ակնհայտ է դառնում, որ ուղեվարձի բարձրացման քայլով փորձեցին գերշահույթներ ստանալ», - հավելեց Սաֆարյանը։

Հիշեցնենք ուղեվարձը բարձրացնելու վերաբերյալ Տարոն Մարգարյանի որոշումը կասեցված է, մինչև համապատասխան հանձնաժողովը քննարկի և առաջարկներ ներկայացնի Երևանի քաղաքային տրանսպորտին առնչվող խնդիրների առնչությամբ։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից այսօր «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացավ, որ հանձնաժողովը ստեղծման փուլում է, մինչև սեպտեմբեր այն կձևավորվի և կսկսի աշխատել։

«Հանձնաժողովը քննարկելու է տրանսպորտի սակագնի համաչափությունը. այսինքն՝ որքանով է արդարացված», - ասաց Գևորգյանը,- «Հանձնաժողովում լինելու են բոլոր շահագրգիռ կողմերը՝ հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, տնտեսագետներ և, իհարկե՝ տնտեսվարողներ, ովքեր որ հարցը բարձրացրել են, որ այլևս անհնար է հարյուր դրամ սակագնով աշխատել»։

Ընդդիմադիր «Բարև Երևան»-ի պնդմամբ, այդ հանձնաժողովը պետք է փորձի վավերացնել ուղեվարձի բարձրացման վերաբերյալ Տարոն Մարգարյանի որոշումը. -«Սկզբնական շրջանում փորձում էինք հասկանալ, թե դա ինչի մասին է: «Բարև Երևան»-ը պաշտոնական հարցում ուղարկեց Երևանի քաղաքապետին, ստացանք բավական մտահոգիչ պատասխան։ Փաստորեն, այդ հանձնաժողովը կոչված է քննարկելու ընդամենը սոցիալական տարբեր խմբերի համար արտոնությունների խնդիրը։ Այսինքն, այդ հանձնաժողովը ստեղծվել է Տարոն Մարգարյանի ընդունած որոշումների ոչ իրավաչափությունը կոծկելու համար»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը,- «Ես կարծում եմ, որ դա միայն ինքը չէ և միայն իր անձնական շահագրգռությունները չեն։ Վերջին հաշվով, բոլորս գիտենք, որ խորհրդարանում, գործադիրում կան նաև այլ մարդիկ, ովքեր ևս գծատերեր են, նրանք բոլորը ուղղակի փորձում են մինչև վերջ պնդել և միառժամանակ հետո վերաթարմացնել այդ որոշումը արդեն կոսմետիկ շտկումներով»։

«Բարև Երևան»-ը ամենայն հավանականությամբ չի մասնակցի այս հանձնաժողովի աշխատանքներին, թեև այդ մասին դեռ որոշում չի կայացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG