Մատչելիության հղումներ

Օգոստոսի 23-ի մամուլ


Հիշեցնելով, որ 23 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ lragir.am-ի մեկնաբանն ամփոփում է․ - «Այս տարիներին Հայաստանում չեն ստեղծվել քաղաքական ու տնտեսական, արժեքային ու բարոյահոգեբանական այն հիմքերը, որոնք անշրջելի կդարձնեին անկախ պետականության իրողությունը: Հայաստանում իրար հաջորդող իշխանությունների օրոք հանրային-պետական կյանքը գնաց դեգրադացիայի ճանապարհով: Ձևավորվեց քրեաօլիգարխիկ համակարգը, որն ուզուրպացրեց երկրի քաղաքական ու տնտեսական բոլոր հնարավորությունները՝ պետական ինստիտուտներն ու քաղաքական կուսակցությունները վերածելով իր հավակնությունների ու շահերի սպասարկուների: Ոչնչացվեցին իշխանության ձևավորման ընտրական մեխանիզմները՝ հանրությանը զրկելով իր օրինական իրավունքներից ու պարտականություններից: Երկրում չստեղծվեց այնպիսի մթնոլորտ ու հնարավորություններ, որպեսզի իրացվեր հայ ժողովրդի մտավոր-ստեղծագործական պոտենցիալը: Դրանով պետք է անկախ պետությունը տարբերվեր կայսրությունից, այն պետք է լիներ որակապես ավելի բարձր պետություն՝ ներքին ազատությունների ու հնարավորությունների առումով: Որպեսզի մարդիկ զգային անկախության առավելությունները և կառչեին սեփական ճակատագրի տերը դառնալու, ազատության ու պատասխանատվության հնարավորությունից»:

«22 տարի շարունակ մեզ շատից-քչից հաջողվում էր խուսափել հստակ ընտրությունից՝ Ռուսաստանի ներկայանալով որպես հավատարիմ դաշնակից, իսկ Արևմուտքին՝ որպես եվրոպական արժեհամակարգի կրող: Բայց ժամանակը սպառվել է», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ շարունակելով․ - «Նոյեմբերին Հայաստանը պիտի կայացնի իր անկախության 22 տարիների թերևս կարևորագույն որոշումը: Իսկ հիմնական քաղաքական ուժերն ընդհատակ են անցել ու ձայն-ծպտուն չեն հանում: Նույնիսկ ՀՀԿ-ում «շունը տիրոջը չի ճանաչում»՝ մեկն ասում է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը փայլուն հաջողություն է, մի ուրիշն ասում է, որ կարևորն անվտանգությունն է (այսինքն՝ չարժե բարկացնել Ռուսաստանին), մի խոսքով՝ միասնական կարծիք չկա: Լավ, իսկ ինչո՞ւ են լռում քաղաքական ուժերը: Որովհետև հստակ կարծիք արտահայտել՝ նշանակում է բարկացնել կա՛մ Ռուսաստանին, կա՛մ Արևմուտքին: Բայց սա միակ պատճառը չէ: Բանն այն է, որ խնդրի էությունը բոլորն էլ հասկանում են․ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշման վրա, այսինքն՝ ռուսները մեզ կնեղեն, «ներքին գներով» զենք չեն վաճառի, կօգնեն Ադրբեջանին և այլն: Պարզ ասած՝ խնդիրն այն է, որ Հայաստանը հարևանների հետ թշնամական հարաբերությունների մեջ է: Ու քանի դեռ դա այդպես է, մենք իրականում ընտրության հնարավորություն չունենք, Եվրամիություն - Եվրասիական միություն երկընտրանքը կեղծ է»:

Թեման շոշափվում է նաև «Հայոց Աշխարհ» թերթում, որը մեջբերում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետևյալ դատողությունը․ - «Ասոցացման համաձայնագրի և Խոր, համապարփակ ազատ առևտրի պայմանագրի նախաստորագրմամբ Հայաստանը պաշտպանում է իր շահերը, ճիշտ այնպես, ինչպես ռուսներն են պաշտպանում իրենց շահերը՝ համագործակցելով մասնավորապես Ադրբեջանի հետ։ Ազատ առևտրի պայմանագիրը մեզ թույլ կտա ավելի մրցունակ դարձնել մեր արտադրանքը՝ համապատասխանեցնելով եվրոպական ստանդարտներին։ Ինչ խոսք, արտահանման ծավալները, հատկապես սկզբնական շրջանում, մեծ չեն լինի՝ մրցակցությունը մեծ է, բայց եթե կարող ենք առնվազն պայմաններ ստեղծել մեր ապրանքներն ավելի մրցունակ դարձնելու համար, ինչո՞ւ չստեղծենք»:

«Հրապարակ» թերթի հետ զրույցում «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դոստուրյանը դժգոհում է, որ պատկան մարմինները, թեև խոստացել են, բայց այդպես էլ չեն կանխում «անօրինական» տաքսիների գործունեությունը: Դոստուրյանն ասում է․ - «Անօրինական տաքսիներն ավելի շատ են, քան օրինականները, վարորդները բողոքում են դրա դեմ, որ դաշտն օրինականացվի, եթե ոչ 100, գոնե 90 տոկոսով: Գրդոնի չափը շատ-շատ է, և պայմանները հավասար չեն, ինչն էլ խանգարում է օրինական տաքսիստներին, և, բնականաբար, դժգոհում են: Ամիսներ առաջ, երբ բողոքի ակցիա անող տաքսիստներին հանդիպեց Գագիկ Բեգլարյանը, լսեց պահանջը, որ հավասար պայմաններ են ուզում, ասեց՝ ճիշտ եք ասում, ընդունում եմ, խոսք եմ տալիս՝ ասեց, հասնեմ նախարարություն՝ էդ ապահովեմ: Արդեն քանի ամիս է անցել, էդ մարդիկ գալիս ու հարցնում են՝ ո՞ւր է Բեգլարյանի տված խոստումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG