Մատչելիության հղումներ

Երևանի փոխքաղաքապետը Կոմիտաս 5-ում կոնֆլիկտ չի տեսնում


Կոմիտաս 5 հասցեի հարակից շենքերի բնակիչները այսօր կրկին հավաքվել էին շինհրապարակի մուտքի առջև և շարունակում էին բողոքի ակցիան:

Եկել էին նաև մի քանի տասնյակ հասարակական ակտիվիստներ։ Կոմիտաս 5 հասցեում «Լիբեր» ՍՊԸ-ն ունի թույլտվություն 25 մետր բարձրության շենք կառուցելու, ինչին դեմ են բնակիչների մեծ մասը։

Ակտիվիստների մի մասը վաղ առավոտյան մտել էր շինհրապարակի տարածք, և չնայած ոստիկանության ներկայացուցիչների պահանջին այդ տարածքից դուրս գալու՝ նրանք դուրս չեկան, մինչև ոստիկանները նրանց գետնից չբարձրացրին ու դուրս չհանեցին։ Նրանք մի քանի րոպե փակեցին Կոմիտաս փողոցի երթևեկությունը։ Հրմշտոցի ժամանակ մի երիտասարդ ուշաթափվեց։

Կոմիտաս 5-ի հարակից շենքերի բնակիչների մի մասը պատրաստ է գնալ փոխզիջման, մյուսները ընդհանրապես չեն ցանկանում շենք տեսնել Կոմիտաս 5 հասցեում, նշելով, որ այդ նեղ տարածքում շենք չի կարող կառուցվել, քանի որ շենքը կփակի հրշեջ և շտապ օգնության մեքենաների մուտքը, կփակի իրենց տների լուսավորությունը, որ շենքի տակ պինդ ժայռ է, որը, փորձելով կոտրել, ցնցում են իրենց տների հիմքերը։

Այսօր Կոմիտաս 5 այցելեց Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը, ով բնակիչներին բացատրում էր, որ ամեն ինչ օրինական է և ասում էր, որ հավաքվածների մեծ մասը Կոմիտաս 5-ի հարակից շենքերի բնակիչներ չեն, այլ ակտիվիստներ են, իսկ ակտիվիստները պատասխանում էին, որ եկել են սատարելու տեղի բնակիչներին։

Նախագծված շենքի տեղում նախկինում հոսանքի ենթակայան է եղել, որը շինարարությունից առաջ տեղափոխվել է ավելի ետ՝ ետևի բնակելի շենքին ավելի մոտ։ Արդյոք վտանգավոր չէ՞ ենթակայանը տեղադրել շենքերի միջև ընկած նեղ տարածքում հարցին, թաղապետը պատասխանեց, որ ոչ։

«Այժմ այդ ենթակայնը 3 անգամ ավլեի պակաս հզորությամբ է աշխատում, բացի այդ Խորհրդային տարիներից հետո փոխվել և թարմացվել են սարքավորումները։ մենք ամեն ինչ հաշվի ենք առել», - ասաց Հրայր Անտոնյանը։

Ավելի ուշ բնակիչների հետ հանդիպման եկավ Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ով ասաց, որ շենքի նախագիծը փոփոխվել է և 14 հարկանի շենքի փոխարեն կկառուցվի 7 հարկանի շենք: Նրա խոսքով, այս փոփոխությունը համաձայնեցվել է շրջական շենքերի բնակիչների հետ։ Նրա համար, իր խոսքով, անհասկանալի էր, թե ինչու են բնակիչները բողոքում նախագծի փոփոխությունից հետո։

Թեև քաղաքացիները արդեն մեկ շաբաթից ավելի է հավաքվում են Կոմիտաս 5 հասցեում ու պայքարում են արդեն մի քանի տարի, փոխքաղաքապետն ասաց, որ որևէ կոնֆլիկտ չի տեսնում։

Փոխքաղաքապետը և թաղապետը այցելեցին մի քանի բնակարաններ՝ տեսնելու տների պատերի ճաքերը։ Թեև ճաքեր իսկապես կային, երկու պաշտոնյաներն էլ պնդեցին, որ պատերի ճաքերը հին են ու այլ պատճառով են առաջացել՝ չնայած մասնագիտական եզրակացություն դեռևս չկար, իսկ մասնագետ նրանք խոստացան ուղարկել։

Շենքի կառուցապատումն իրականցնող «Լիբեր» ՍՊԸ-ն դեռևս չունի փողոցի վերգետնյա մասի շինարարության թույլտվություն, ինչպես նշեց փոխքաղաքապետը, այժմ միայն նկուղի շինարարությունն է տեղի ունենում։ Բնակիչները խնդրեցին Օհանյանին դադարեցնել շինարարությունը մինչև չլինի նաև վերգետնյա մասի իրենց հետ համաձայնեցված և հաստատված նախագիծ, փոխքաղաքապետը խոստացավ քննարկել Տարոն Մարգարյանի հետ և բնակիչներին տեղյակ պահել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG