Մատչելիության հղումներ

Բաքուն «գործի դրեց հերթական մահակը» ազատ խոսքի դեմ


Facebook-ում Միքայիլ Թալիբովի ստեղծած էջը

Facebook-ում Միքայիլ Թալիբովի ստեղծած էջը

Ադրբեջանում առաջին մարդը դատապարտվեց օնլայն տարածքում զրպարտության մեղադրանքով:

Ադրբեջանի հասցեին միջազգային կազմակերպությունների և Արևմուտքի քննադատությունները այս շաբաթ ավելացան ևս մեկով, երբ Աստարայի շրջանային դատարանը մեկ տարվա ուղղիչ աշխատանքի դատապարտեց Միքայիլ Թալիբովին՝ զրպարտության մեղադրանքով:

Թեև սահմանված պատժաչափն արտասովոր չէր, այդուամենայնիվ, այս գործը միանգամից միջազգային հնչեղություն ստացավ, Թալիբովն էլ մտավ Ադրբեջանի դատական պատմության մեջ, քանի որ դարձավ առաջին մարդը, ում դատապարտեցին օնլյան տարածքում զրպարտության կամ վիրավորանքի համար:

Դատավճռից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկան Եվրախորհուրդը, Human Rights Watch-ն ու Amnesty International-ը՝ ընդգծելով, որ զրպարտության մասին այս նոր վիճահարույց օրենքի դեբյուտն է՛լ ավելի է վատթարացնում խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում: Ընդ որում, իրավապաշտպանները հիասթափեցնող են որակում ոչ միայն խոսքի ազատությունը սահմանափակող այս նորամուծությունը, այլև փաստը, որ վիճահարույց այս օրենքով կայացված առաջին վճռի ետևում կանգնած է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:

«Սա շատ ցավալի է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է փաստաբան Ռաշիդ Հաջիլին՝ ընդգծելով, որ իրականում այդ կառույցը խոստանում է աջակցել ժողովրդավարությանն ու խոսքի ազատությանը գործընկեր երկրներում:

Նշենք, որ 31-ամյա ադրբեջանցին դատարանի առջև էր կանգնել այն բանից հետո, երբ Facebook-ում հայտարարել էր, թե իր նախկին գործատուն՝ AccessBank-ը ապօրինի կերպով զրկել է իրեն աշխատանքից, կոռումպացված է և ժլատ:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը փաստում է, որ այս դրամատունը երկրում գործելու առաջին իսկ օրերից իրեն ներկայացրել է որպես եվրոպական բանկ, որը գրեթե ամբողջովին տնօրինում են միջազգային բաժնետերերը: Նրանցից մեկն էլ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն է՝ 20 տոկոս բաժնեմասով:

«Այո, մենք լուրջ խնդիրներ ունենք Ադրբեջանում, բայց մարդիկ հույս ունեն, որ գոնե միջազգային կազմակերպությունները այդպիսի քայլեր չեն ձեռնարկի: Ցավոք, սակայն, այժմ մենք ականատես ենք լինում, որ խոսքի ազատության նկատմամբ հարված է հասցվում հենց այդ կազմակերպությունների կողմից», - ասում է փաստաբան Ռաշիդ Հաջիլին:

«Ազատություն» ռադիոկայանը դիմել է բանկի՝ Լոնդոնում և Թբիլիսիում տեղակայված գրասենյակներին, որոնք, սակայն, հրաժարվել են որևէ մեկնաբանություն տրամադրել դատական վիճահարույց որոշման վերաբերյալ:

Իրավապաշտպանները, մինչդեռ, փաստում են, որ քաղաքացու դեմ բանկի ներկայացրած դատական բողոքը հնարավորություն տվեց Ադրբեջանի իշխանություններին գործի դնել հերթական մահակը, վիճահարույց օրենքով կայացված առաջին վճռով, մասնավորապես, սոցիալական ցանցերը, այդ թվում՝ Facebook-ը, այլևս Ադրբեջանում դասվում են զանգվածային լրատվության միջոցների շարքում, որտեղ ասված յուրաքանչյուր բառի համար հեղինակը կարող է կանգնել դատարանի առջև: Իսկ սա, ըստ փորձագետների, լուրջ հարված կհասցնի ադրբեջանական ընդդիմությանն ու առանց այդ էլ սահմանափակված խոսքի ազատությանը՝ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG