Մատչելիության հղումներ

Արևմուտքում քննարկում են Սոչիի Օլիմպիադան բոյկոտելու տարբերակը


Ռուսաստան - Սոչիում կառուցվող «Ֆիշտ» օլիմպիական ստադիոնը, օգոստոս, 2013թ․
Ռուսաստան - Սոչիում կառուցվող «Ֆիշտ» օլիմպիական ստադիոնը, օգոստոս, 2013թ․

Արևմուտքի քաղաքական մեկնաբանների համոզմամբ, 2014 թվականի ձմռանը Սոչիում կայանալիք Օլիմպիադան վաղուց արդեն սոսկ մարզական թեմա չէ։

Մինչ ռուսաստանցիներին ու մնացած աշխարհին զարմացնում են Ձմեռային խաղերի համար Մոսկվայի տրամադրած աստղաբաշխական գումարները, արևմտյան մայրաքաղաքներում խոսում են բոյկոտի հնարավորության մասին։

Ամերիկայի Միացյալ Նահանգներին զայրացրել է ամերիկյան գաղտնի ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու Ռուսաստանի որոշումը։

Վերջին շրջանում էլ Մոսկվային քննադատում են մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես, համասեռականների դեմ իրավական ակտերի ընդունման համար։

Փարիզում լույս տեսնող Le Monde-ը գրել է, թե ակնհայտ է, որ նախագահ Վլադիմիր Պուտինին օլիմպիական արժեքները բացարձակ չեն հետաքրքրում, նրա համար Սոչի-2014-ը ընդամենը քարոզչական գործիք է։

Ֆրանսիական թերթը պնդում է, որ «չի կարելի Պուտինին թույլ տալ «մոռացության» կամ «լռության» Օլիմպիադա անցկացնել»։ «Դեմոկրատական պետությունների ղեկավարները մարդու իրավունքների պաշտպանության բարելավումը պետք է դարձնեն Սոչի մեկնելու նախապայման, այլապես նրանց լուռ ներկայությունը Ձմեռային խաղերին հավասարազոր կլինի հանցակցության», - գրում է Le Monde-ը:

Առավել կոշտ է արտահայտվել ամերիկացի պահպանողականների հայացքները ներկայացնող պարբերականի` The Washington Post-ի մեկնաբան Ջենիֆեր Ռուբինը, ով աջերին ու ձախերին, դեմոկրատներին և հանրապետականներին կոչ է անում պարզապես անտեսել Ձմեռային խաղերը։

«Սոչի մեկնելը պետք է համարվի անթույլատրելի այնպիսի արարք, ինչպիսին է, ասենք, հասարակական վայրում ծխելը կամ գլոբալ ջերմացման վտանգին չհավատալը», - հայտարարել է Ռուբինը։

Քաղաքական գործիչներն ու դիվանագետներն առայժմ ավելի զուսպ են մեկնաբանում Սոչիի թեման։

Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ուլրիխ Բրանդենբուրգն ասել է, որ Բեռլինը 2014 թվականի Ձմեռային օլիմպիադան բոյոտելու մտադրություն չունի, սակայն մտահոգված է Ռուսաստանում համասեռականների քարոզն արգելող օրենքի ընդունմամբ։ Մինչդեռ Գերմանիայի արդարադատության նախարար Սաբինա Լոյթհոյսեր-Շնարենբերգերն ասել է, որ բոյկոտի կողմնակից է։

Բոյկոտին դեմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ով իր բլոգում գրել է, թե հասկանում է բոյկոտի կոչեր անողների մտահոգությունները, սակայն համոզված է, որ նախապաշարմունքների դեմ պետք է պայքարել` մասնակցելով Օլիմպիադային։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման NBC հեռուստակայանին օրերս ասել է, որ «եթե Ռուսաստանը ցանկանում է բարձր պահել օլիմպիական ոգին, ապա մարզիկների մասին պետք է դատի սոսկ հաշվի առնելով նրանց ելույթների արդյունքները, այլ ոչ թե սեռական կողմնորոշումները»։

Երեկ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը Միջազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես նամակով հավաստիացրել է, որ «Ռուսաստանը 2014 թվականի փետրվարի 7-23-ը կայանալիք Ձմեռային օլիմպիադայի ընթացքում բացառում է որևէ խտրականություն մարզիկների նկատմամբ և բոլորին` անկախ նրանց կողմնորոշումից, պատրաստ է հյուրընկալել Սոչիում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG