Մատչելիության հղումներ

Ուսանողները ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ


Ուսման վարձերի բարձրացման դեմ բողոքող ուսանողներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջև: Նրանց էին միացել նաև ծնողները, և այլ աջակցողներ։

Կառավարության նիստին մասնակցելու համար այստեղ եկող բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված էին լինում լսել ուսանողների կոչը՝ բարձրացնել իրենց պահանջները կառավարության նիստում:

Առաջինը ժամանեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ով խոստացավ բարձրացնել հարցը, բայց ոչ նիստի ընթացքում։ Նրանից հետո եկան մի քանի նախարարներ, ովքեր ոչ մի կերպ չարձագանքեցին։ Քիչ անց ժամանեց նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Լսելով ուսանողների պահանջը, Աշոտյանը ասաց, որ շտապում է, բայց պատրաստ է նրանց ընդունել օրվա երկրորդ կեսին։

Կառավարության նիստի մեկնարկից հետո ցուցարարները երթ անցկացրեցին դեպի ԵՊՀ՝ ճանապարհին հանդիպող մարդկանց կոչ անելով միանալ իրենց։ Արդեն ԵՊՀ-ի բակում ցուցարարները ժողով անցկացրեցին, և որոշեցին ընդունել Աշոտյանի հրավերը։

ԿԳՆ-ում 3 տասնյակից ավելի ուսանողներ բարձրացան խորհրդակցությունների սենյակ, որտեղ նրանց ընդունեց նախարար Աշոտյանը։ Լսելով ուսանողների պահանջները՝ ԿԳ նախարարն ասաց, որ այժմ ուսման վարձերը բարձրացրած 6 բուհերը չեն կարող վերանայել որոշումը, ուստի իրենք առաջիկայում մի շարք օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալու, որոնց միջոցով փորձելու են մեղմել ուսանողների ֆինանսական պարտավորությունները։ Նախարարը նշեց, որ պատրաստվում են հանդես գալ պետության համար գերակա մասնագիտությունների գծով պետական պատվերով անվճար ուսուցման տեղերի 10-20 տոկոսով ավելացման նախաձեռնությամբ: Բացի այդ, նախատեսվում է լավագույն ուսանողներին հատկացնել 200-ից մինչև 500 հազար դրամի հասնող միանվագ կրթաթոշակ, փոփխություններ են նախատեսվում նաև ուսանողներին տրվող զեղչերում:

«Վստահ եղեք, որ մենք վատը չենք, մենք ձեր վատը չենք ուզում: Հաստատ ինձանից շատ ոչ մի քաղաքական գործիչ այսօր այս հարցով չի զբաղվելու ու չի լուծելու», - հավելեց նախարարը, - «Եթե մեկին կգտնեք, կգնաք իր մոտ ավելի շատ գործ անի, քան կառավարությունն է անում, վարչապետը, նախարարը, ամբողջ թիմը՝ ու կասեք՝ ամոթ Կառավարությանը»:

Մոտ մեկ ժամ զրուցելուց հետո, դժգոհ մնալով Աշոտյանի հետ հանդիպումից, ուսանողներն ասացին, որ ցույցերը շարունակելու են այնքան ժամանակ, մինչ իրենց պահանջները կատարվեն։

Ի դեպ մի քանի օր առաջ ուսանողները բաց նամակով դիմել էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին, խնդրելով արտահերթ լսումներ կազմակերպել և քննարկել ուսման վարձերի բարձրացման հարցը։

Դրանից հետո հանձնաժողովի անդամներ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նամակով դիմել էին հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին՝ խնդիրը քննարկելու համար։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աղվան Վարդանյանը փոխանցեց, որ արտահերթ լսումներ անցկացնելու հարցը քննարկվելու է սեպտեմբերի սկզբին։
XS
SM
MD
LG