Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի


Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 20-21-ը հերթական շրջայցն է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտի: Նախարարին ուղեկցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Օհանյանը այցելել է բանակային զորամիավորման մի շարք զորամասեր, ծանոթացել է զորամասերում իրականացվող շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում: Առանձնակի ուշադրության են արժանացել ստորաբաժանումներում գործող օժանդակ կառույցների շինությունների պահպանման և վերանորոգման աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է նաև զորամասերում գործող զինվորական ճաշարանների շենքային և սանիտարահիգիենիկ պայմաններին, նախաճաշել է զինվորների հետ:

«Երբ ես այցելում եմ առաջնային գիծ, ինձ համար տարբերություն չկա, ես աջակցում, խրախուսում եմ և՛ առաջնագծում կանգնած զինվորին, և՛ առաջնագծի խաղաղ բնակչությանը, որոնք, ըստ էության, մեր երկրի զինվորներն են և ամեն պահի կանգնած են զինվորի կողքին, իսկ զինվորը կանգնած է նրանց կողքին», - ասել է, մասնավորապես, Օհանյանը:

Նախարարը մարտական հենակետերում ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը, ծանոթացել զինծառայողների մարտական պատրաստությանը, բարոյահոգեբանական վիճակին, հետաքրքրվել զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով, մի շարք սպաների և զինվորների պարգևատրել է թանկարժեք նվերներով:

Շրջայցի ավարտին պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել զորամիավորման ղեկավարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG