Մատչելիության հղումներ

Պաշտպանը միջնորդում է ազատ արձակել Սուրիկ Խաչատրյանի որդուն


Սուրիկ Խաչատրյանի Գորիսի տունը, որի մոտ տեղի են ունեցել հունիսի 2-ի արյունալի դեպքերը
Սուրիկ Խաչատրյանի Գորիսի տունը, որի մոտ տեղի են ունեցել հունիսի 2-ի արյունալի դեպքերը

Միաժամանակ, Ռուբեն Սահակյանը համոզված է, որ Սյունիքի նախկին մարզպետի որդին կրակել է Ավետիք Բուդաղյանի վրա:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպանը միջնորդում է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը և ազատ արձակել Խաչատրյանների Գորիսի տան մոտ տեղի ունեցած հայտնի արյունալի միջադեպի հետևանքով կալանքի տակ գտնվող երիտասարդին։

Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է երեք հոդվածներով՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ:

Հունիսի 2-ի այս միջադեպի ժամանակ, հիշեցնենք, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը սպանվեց, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվեց։

Նախկին մարզպետի որդու փաստաբանը՝ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Տիգրան Խաչատրյանը անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով է կրակել:

«Նյութերը ունեմ, ունեմ նաև համացանցում տեղադրված տեսաերիզը, ունեմ նաև փորձագետի որոշակի եզրակացություններ, համադրելով այդ տեղեկությունները՝ եկել եմ համոզմունքի, որ իմ պաշտպանյալի գործողությունները՝ վնաս պատճառելու գործողությունները, եղել են իրավաչափ։ Այսինքն, նա գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում», - ասաց Ռուբեն Սահակյանը՝ շարունակելով․ - «Համաձայն Քրեական օրենսգրքի 42 հոդվածի՝ հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում։ Ես գտնում եմ, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի թույլ տրվել»:

Հարցին՝ գործի նյութերով հաստատվո՞ւմ է, որ Տիգրան Խաչատրյանն է կրակել Ավետիք Բուդաղյանի վրա, փաստաբանը պատասխանեց. - «Իմ համոզմունքն է, որ՝ այո։ Թեև ինքը չի ընդունել իր մեղքը, բայց գործի նյութերը վկայում են այն մասին, որ ինքն է կրակել։ Ուղղակի երևում է, որ ինքն է կրակում»։

«Այսինքն, Բուդաղյանի մահը Դուք համարում եք անհրաժեշտ պաշտպանության հետևանք», - այս դիտարկմանը Սահակյանը արձագանքեց․ - «Այո, այո»։

Ռուբեն Սահակյանը հերքեց պնդումները, ըստ որոնց՝ դեպքի պահին Տիգրան Խաչատրյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ, հայտարարելով՝ «նման եզրակացություն քրեական գործում չկա»։

Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպանը հանգել է եզրակացության, որ Խաչատրյանների տան վրա տեղի է ունեցել զինված հարձակում: Հիշեցնենք՝ այս վարկածը ի սկզբանե շրջանառության մեջ դրեց զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ինչը Բուդաղյանների կողմը անմիջապես սուր քննադատության ենթարկելով՝ գնահատեց որպես նախաքննությունն ուղղորդելու փորձ:

«Ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է եկել Արտակ Բուդաղյանը զինված, ինչո՞ւ է մեքենայից իջել զենքը ձեռքին, ինչո՞ւ է եղբորը բրդում գցում՝ եղբորը, որը փորձում է նրա ձեռքից խլել զենքը կամ թույլ չտալ, որպեսզի կրակի», - ասաց Ռուբեն Սահակյանը, - «Սա ինչի՞ մասին է խոսում։ Սրա մասին մամուլը ընդհանրապես լռում է՝ ինչո՞ւ։ Անհրաժեշտ է անպայման Տիգրան Խաչատրյանին դատապարտել, որովհետև Սուրիկ Խաչատրյանի տղա՞ն է, սա՞ է արդարադատությունը»։

«Փաստաբանը իր վստահորդի շահերից ելնելով կարող է ցանկացած միջնորդություն անել», - Խաչատրյանի փաստաբանի պնդումներին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձեց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը՝ շարունակելով․ - «Պարզապես ի սկզբանե զինդատախազն է այդ գնահատականները տվել, խեղաթյուրված տեսակետը գցել է շրջանառության մեջ, հիմա այն կողմը օգտվում է զինդատախազի այդ կոպիտ սխալից։ Սկզբից դա դրվեց որպես գլխավոր ուղղություն, որով այս գործը պիտի ծռվի»։

«Դա նույնն է, որ սևն անվանես սպիտակ։ Դա նույնքան է իրականությանը համապատասխանում, որքան որ եթե սև գույնը սրանից հետո սկսեն անվանել սպիտակ», - հայտարարեց Ալումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG