Մատչելիության հղումներ

Չի բացառվում, որ Ռուսաստանի միգրացիոն ճամբարներում հայեր լինեն


Բողոքի ցույց Մոսկվայում` ընդդեմ միգրացիոն ճամբարների: 13-ը օգոստոսի 2013 թ.
Բողոքի ցույց Մոսկվայում` ընդդեմ միգրացիոն ճամբարների: 13-ը օգոստոսի 2013 թ.
Հայաստանի արտգործնախարարությունը դեռևս պատասխան չի ստացել Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությանն ուղղած հարցմանը, թե արդյոք «միգրացիոն ճամբարներում» կան ՀՀ քաղաքացիներ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ինչպես արտգործնախարարության ներկայացուցիչները, այնպես էլ Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը չբացառեցին, որ այդ ճամբարներում հայեր նույնպես կարող են լինել:

Գագիկ Եգանյանը չբացառեց նաև, որ Ռուսաստանում տեղի ունեցող այդ իրադարձությունները Հայաստանից արտագաղթածների մի մասին մղել Հայաստան վերադառնալուն:

«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է վերջերս ՌԴ-ից Հայաստան վերադարձած Զոհրակ Հակոբյանը: 40-ամյա տղամարդը, թեև գոհ է, որ վերադարձել է, բայց երեխաների ապագան այստեղ չի տեսնում:

«Պիտի երկրի մասին մտածող լիներ: Մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդ է, մի բան կստեղծեր, կապրեր տեղում», - ասաց նա` հավելելով, որ շատ լավ հասկանում է այն մարդկանց, ովքեր Ռուսաստանում ամենավատ պայմաններում ապրելը գերադասում են Հայաստան վերադառնալուն. - «Ի՞նչ ասես: Եթե մարդն այստեղ ընտանիքը չի կարողանում պահել, ի՞նչ ասես»:

Հարկ է նշել, սակայն, որ մարզային այցերի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին հանդիպած միակ վերադարձածը Զոհրակ Հակոբյանն էր. ամենուր ասում էին, որ Ռուսաստանից վերադարձողներ չկան:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը չի կարծում, թե ռուսաստանյան նշված իրադարձությունները կարող են ներգաղթ հարուցել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ դրանք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ մշտապես արտագաղթածների վրա: Իսկ աշխատանքային միգրանտների պարագայում, նրա խոսքով, կարող են սկզբնական շրջանում ծավալները փոքրանալ. - «Կապված այն բանի հետ, որ երևույթները նոր են, իրենք պետք է հարմարվեն: Բայց, ի նկատի ունենալով մեր միգրանտների հնարամտությունը, իրենք շատ արագ կգտնեն իրենց»:

«Մի բանը հստակ մնում է. Ռուսաստանում կա էժան աշխատանքային ձեռքերի պահանջարկ, և այդ պահանջարկը պետք է ծածկվի», - հավելեց ժողովրդագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG