Մատչելիության հղումներ

էթիկայի հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Երևանի քաղաքապետի վերաբերյալ դիմումը


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ուսումնասիրության արդյունքում էթիկայի հանձնաժողովը կորոշի՝ դիմումը վարույթ ընդունել, թե՝ ոչ։ Հոկտանյանի կարծիքով, եթե հանձնաժողովը պարզի, որ Տարոն Մարգարյանին կամ նրա մերձավորներին պատկանում են երթուղայինների գծեր, ապա դա դիմումը վարույթ ընդունելու և քննելու լուրջ հիմք կհանդիսանա, քանի որ կվկայի հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցում քաղաքապետի շահագրգիռ կողմ լինելու մասին:

«Եթե իրենք գտնեն, որ կա շահերի բախման իրավիճակ, իրենք պարտավոր են վարույթ հարուցել։ Ենթադրում եմ, որ մինչև օգոստոսի 25-26-ը պետք է ուսումնասիրությունները կատարեն և մեզ պատասխանեն»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վարուժան Հոկտանյանը։

Տրանսպորտի սակագների բարձրացման և ակտիվիստների բողոքի ցույցերի ամենաթեժ օրերին՝ հուլիսի 26-ին էր «Թրանսփերենսի Ինթերնեշնլը» այս դիմումով Բաղրամյան 26 հասցեում գործող և բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը հասարակության համար թափանցիկ դարձնելուն կոչված էթիկայի հանձնաժողովից խնդրել պարզել մի քանի հանգամանք. նախ՝ «ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելիս քաղաքապետը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղել է նման ռիսկ», երկրորդ՝ «ներդրումները կառավարելիս քաղաքապետի կողմից չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքն ու լիազորությունները»։

Ուղեվարձի թանկացման որոշումն ընդունելուց հետո մամուլը սկսեց համառորեն գրել երթուղայինների երկու գծեր սպասարկող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի մասին, պնդելով, որ ընկերությունը պատկանում է Տարոն Մարգարյանին և նրա աներորդուն՝ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին: Բայց այդ մասին Մարգարյանի որևէ հայտարարագրում հիշատակված չէ.

«Այն, որ հրապարակավ Տարոն Մարգարյանն ասել էր, որ ինքը չունի որևէ գիծ, ու չի տնօրինում, ենթադրում եմ, որ դա իրականությանը համապատասխանում է։ Բայց այստեղ միայն իր հարցը չի, այստեղ նաև իր մերձավոր հարազատների հարցն է, որը «Հանրային ծառայության մասին» օրենքով պետք էր, որ հայտարարագրվեր դրա մասին»,- ասաց ԹԻՀԿ ղեկավարը,- «Եթե իսկապես այդպիսի խնդիր եղել է, եթե իսկապես գծեր եղել են, որոնք պատկանելիս են եղել նրա բարեկամներին, հարազատներին, ապա տրանսպորտի բնագավառում, այդ թվում և մեծ աղմուկ հանած ուղեվարձի թանկացման որոշումն ու այլ որոշումներ ընդունելիս անմիջապես առաջանում է շահերի բախման իրավիճակ։ Ինչպես միջազգային պրակտիկայում ընդունված է, այդպիսի դեպքերում ինքը չպետք է մասնակցեր այդ որոշումների ընդունմանը»։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի գույքին և եկամուտներին, կազմակերպությունը վկայակոչում է Տարոն Մարգարյանի երկու հայտարարագրերի միջև էական տարբերությունները. մասնավորապես այն փաստը, որ բարձրաստիճան պաշտոնյաների հանձնաժողով ներկայացված 2011-12 թվականների հայտարարագրում Մարգարյանը չի նշել որևէ շարժական կամ անշարժ գույք, կամ եկամտի այլ աղբյուր՝ աշխատավարձից բացի, բայց 2013-ին որպես Երևանի ավագանու թեկնածու կենտրոնական հանձնաժողով ներկայացված հայտարարագրում, որը վերաբերում է 2012-ի մարտի 1-ից մինչև 2013-ի մարտի մեկը ընկած ժամանակահատվածին, նշել է այդ միլիոնների հասնող ունեցվածքը։ Ուստի հակակոռուպցիոն կազմակերպությունը էթիկայի հանձնաժողովից խնդրում է պարզել, արդյո՞ք համադրվել են այդ երկու հայտարարագրերը և ի՞նչ հետևություններ են արվել, առհասարակ ուսումնասիրվե՞լ են Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները. եթե այո՝ ապա դիտարկվե՞լ են արդյոք դրանցից բխող շահերի բախման վերաբերյալ կասկածները։

«Մենք ուզում ենք դա հասկանալ. իսկապե՞ս այդ երկու ամսում՝ հունվար փետրվար ամիսներին նա հասցրել է ձեռք բերել այսքան գույք»,- նշեց Վարուժան Հոկտանյանը, - «Ստացվում է, որ կա՛մ էթիկայի հանձնաժողովին, կա՛մ ԿԸՀ-ին ներկայացրել են ոչ ճշգրիտ տվյալներ, կամ էլ երրորդ բացատրությունը, որ այդ երկու ամսում Տարոն Մարգարյանը ձեռք է բերել զգալի գույք»։

Երևանի ավագանիում ընդդիմադիր «Բարև Երևան» դաշինքը մատնանշված հարցադրումները լուրջ ուսումնասիրման առարկա է համարում:

«Ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանի ընտանիքը թաքցրել է եկամուտներ, Էթիկայի հանձնաժողովը պետք է դա քննարկման առարկա դարձնի»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը. - «Տարոն Մարգարյանի և Ռոբերտ Սարգսյանի կողմից բերվող այն բացատրությունները, թե «Ռոբերտ» և «Տարոն» անունները հայտնվել են ՍՊԸ-ի անվանման մեջ զուտ պատահականորեն, դա իրենց հետ կապ չունի, և իրենք որևէ առնչություն չունեն կամ չեն ունեցել այդ կազմակերպության հետ, արժանահավատ չեն, հերթական կեղծիքն են, ինչպես որ կեղծիքի միջոցով ուղղակի թաքցվել է տարիների ընթացքում ստացվող եկամուտը։ Իսկ եթե նրանք այդ եկամուտը ստացել են՝ լինելով պաշտոնատար անձ, ապա սա արդեն Սահմանադրության և օրենսդրության խախտումներ են, որովհետև ստացվում է, որ պարզապես Տարոն Մարգարյանն օգտագործել է իր պաշտոնեական դիրքը անաշխատ եկամուտ ստանալու համար, ինչը ՀՀ օրենսդրությամբ պատժելի արարք է»։
XS
SM
MD
LG