Մատչելիության հղումներ

logo-print

Արճիսի բնակիչներին չի բավարարում դեղձի մթերման գինը


Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչները գերադասում են իրենց աճեցրած դեղձը վաճառել շուկաներում` պնդելով, թե գործարանի առաջարկած գինը ցածր է ինքնարժեքից:

«Պարարտանյութ ենք տալիս, երեքից չորս անգամ էլ ջրում: Ջուրը շատ թանկ է… Ավելի լավ է տանենք 80-ով վաճառենք, քան իրենց 50 դրամով հանձնենք: Էլի 30 դրամ մնում է ժողովրդին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց այգետերերից մեկը:

Արճիսցիները փորձում են իրենց բերքը վաճառել Երևանի, Վանաձորի, Իջևանի շուկաներում:

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Այրումի պահածոների գործարանն այս տարի արդեն 300 տոննա դեղձ է մթերել` մեկ կիլոգրամը 50 դրամով:

Գործարանին իրենց աճեցրած բերքը վաճառում են հիմնականում Նոյեմբերյանի շրջանի Պտղավան, Դեղձավան և Լճքաձոր գյուղերի այգետերերը, քանի որ այդ գյուղերում բերքը կարկտահարությունից վնասվել էր: Արճիսում, մինչդեռ, կարկուտը համեմատաբար քիչ վնաս էր հասցրել, այդ պատճառով էլ գյուղացիները դժգոհ են առաջարկվող գնից:

Սուքոյանը հարկ համարեց շեշտել, որ մթերման գներն իրենք չեն որոշում:
XS
SM
MD
LG