Մատչելիության հղումներ

Օգոստոսի 21-ի մամուլ


«Հետք» էլեկտրոնային պարբերականը շարունակում է «օֆշորային թեման». - «Ընդհանրապես գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պետք է պարզաբանի, թե ինչու է այս գործն ուղարկել ոստիկանություն` ոստիկանության քրեական գլխավոր վարչություն: Այս գործով անցնում են բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում` նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Օֆշորային սկանդալի բացահայտման բանալին գուցե հենց նրա՝ ոստիկանապետի ձեռքում է, եթե ասի, թե ում զանգով է Աշոտ Սուքիասյանին թույլատրել լքել Հայաստանի տարածքը: Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը հայտարարություն է տվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, և նույն օրը Աշոտ Սուքիասյանը ցանկացել է լքել Հայաստանի տարածքը, սակայն նա արդեն «սև ցուցակում» էր, և նրան սահմանից բերման են ենթարկել ոստիկանություն: Նա հարցաքննվել է, ապա ազատ արձակվել: Ինչ-որ մեկի զանգով նրա անունը հանվել է «սև ցուցակից», ու նա կարողացել է հեռանալ Հայաստանից: Դրանից հետո Ա. Սուքիասյանն այլևս Հայաստան չի վերադարձել»:

«Առավոտ»-ը զրույցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ: «Թեեւ հայաստանյան պատկան բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ նոյեմբեր ամսին պաշտոնական Երեւանը նախաստորագրելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որոշակի քաղաքական շրջանակներում թերահավատությունը պահպանվում է: Դուք է՞լ մտավախություններ ունեք, որ վերջին պահին ՀՀ իշխանությունների համարձակությունը կարող է չբավարարել». թերթի այս հարցին Քոքոբելյանը պատասխանել է. - «Այսօր մեզ պակասում են լուրջ քննարկումներն այդ թեմայով. արդյոք ՀՀ իշխանությունները եւ քաղաքական ուժերն ի զորո՞ւ են առաջնորդվել բացառապես մեր պետության շահերով, այլ ոչ թե վախվորած քաղաքականություն վարեն, թե տվյալ պահին որքանո՞վ են մեր շահերը հակասում այլ պետությունների շահերին` անտեսելով բուն Հայաստանի շահը այս գործընթացում: Առաջիկայում անհրաժետ ենք համարում քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում խորը քննարկման առարկա դարձնել այս հարցը, որպեսզի հանրության համար էլ ավելի պարզ և հիմնավոր լինեն հնչեցվող կարծիքները, թե ի՞նչ կտա Հայաստանին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կամ ինչու չէ, չստորագրումը: Խոսքը չի վերաբերում բուն փաստաթղթի պաշտոնական հրապարակմանը, այլ համաձայնագրի էությանը և բովանդակությանը ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի իրականացմանը, ինչը ապահովելու թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է: Միգուցե տեղեկատվության բացակայության պատճառով է, որ առաջանում է այս խառնաշփոթը: Բառացիորեն երբեմն այդ խնդրի կարեւորությունը ստորադասվում է, իսկ մինչ այսօր հնչած փաստարկները` թե դեմ, թե կողմ, հաճախ շատ պարզունակ են»:

«Ժողովուրդ» թերթին հարցազրույց է տվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Լրագրողը հարցնում է. - «Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել հունիսի 1-ին ձեր տան մոտ հայտնաբերված գնդակի հետքերի կրկնակի փորձաքննություն նշանակելու համար: Միջնորդությունը բավարարվել է: Բավարարվել է նաև փաստաբանի մեկ այլ միջնորդություն, որով նա խնդրել էր իրեն հնարավորինս մասնակից դարձնել այդ փորձաքննությանը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին»: Նախկին մարզպետի պատասխանը. - «Թող լինի: Ես որևէ բան չեմ ասում: Տեսագրությունը կա, որը հասանելի է բոլորին: Առաջին հերթին ասեմ, որ Հայաստանում չկա այնպիսի մի մասնագետ, որ տեսագրությունները կեղծի, բոլոր մասնագետներն էլ համոզվել են, որ տեսագրությունը կեղծված չէ: Թե փաստաբանի ցանկությունն ինչ է, ես որևէ բան չեմ կարող ասել: Ու կարծում եմ, որ նորմալ իրավաբանն ավելորդ արտահայտություններ չպետք է անի: Կարծում եմ` իրավապաշտպանի խնդիրն իր պաշտպանյալի իրավունքները պաշտպանելն է, նորմալ իրավաբանն այլ արտահայտություններ իրեն թույլ չի տա: Ինչ-որ մի ժամանակահատված հետո այս գործի քննությունն ավարտվելու է, ու ամեն ինչ պարզ է լինելու: Նշեմ միայն, որ ոչ ոքի համար էլ հաճելի չէ երիտասարդ մարդու մահը»: Հարց. - «Դուք հայտարարել եք, որ Բուդաղյան եղբայրները հարձակվել են ձեր տան վրա ու դուք ստիպված եք եղել պաշտպանվել: Այդ դեպքում ինչո՞ւ չեք պահանջում, որ ձերբակալեն նրանց նման ահաբեկչության համար»: Պատասխան. - «Գործը հարուցված է մեր բողոքի հիման վրա, գործն ընթացքի մեջ է ու իր հունով գնում է: Մի բան հստակ է` հունիսի 1-ի միջադեպից հետո բոլորը սկսել են սուտ տեղեկություններ տարածել: Շաբաթ օրն էլ սկսեցին ասել, թե դանակահարություն է եղել իմ ու Վահե Հակոբյանի միջև… Ախր մենք իրար հետ ընդհանրապես չենք էլ հանդիպել»:

Գնահատելով Հայաստանում նախագահական վերջին ընտրություններին հաջորդած զարգացումները` «Չորրորդ իշխանություն»-ն ամփոփում է. - «Նախագահական ընտրություններն ու հետագա զարգացումներն ավարտվեցին համատեղ աղոթքով ու խեղկատակությամբ: Ապստամբության ալիքը համատեղ ջանքերով մարվեց, ու իշխանությունները հասկացան, որ հակահարձակման անցնելու և թալանի տեմպերը կտրուկ ավելացնելու համար մի քանի ամիս ժամանակ ունեն` մինչև հաջորդ ալիքը, ու միանգամից գազն ու էլեկտրաէներգիան կտրուկ թանկացան, հացն ու կաթնամթերքը թանկացան, «կարմիր գծերի» տեռորը սկսվեց: Դա էր համատեղ աղոթքի ու Երևանի ընտրություններում մարդկանց վերցրած տասը հազարական դրամների գինը: Ընդ որում, ով բաժանել էր այդ փողերը, նա էլ ամենաշատը տուժեց. հենց Տարոն Մարգարյանը հռչակվեց ժողովրդի թիվ մեկ թշնամին: Մինչդեռ հիմնական թալանը Սերժ Սարգսյանի մանկության ընկերների գրպանի համար է նախատեսված: Բայց սա արդեն այլ խնդիր է»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Մալաթիա-Սեբաստիա համայնքն արդեն երկու ամիս է, ինչ ղեկավար չունի: Եթե մյուս դեպքերում ազատումն ու նշանակումը մի քանի ժամվա հարց է լինում, այս անգամ ձգվեց, և պատրաստ են ամիսներ սպասել, մինչև ցանկալի թեկնածուն տարիքն առնի: Իսկ ցանկալի թեկնածուն Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է, ում 25 տարին դեռ չի լրացել, ինչը նշանակում է, որ մինչև հոկտեմբեր դեռ թափուր է մնալու այդ պաշտոնը: Թափուր պաշտոնը համալրելու ժամկետներին անտեղյակ է ձևանում նաև նույն համայնքի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանը, ով ժամանակին Սամվել Ալեքսանյանի հովանավորությամբ նշանակվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ, ապա՝ փոխքաղաքապետ»: «Դա քաղաքապետի որոշելու հարցն է, երբ նպատակահարմար կգտնի՝ կնշանակի», - թերթին ասել է Օհանյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG