Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը՝ ցայտնոտում


Ադրբեջանի ընդդիմությունը ցույց է անցկացնում Բաքվի արվարձանում, 18-ը օգոստոսի, 2013թ․

Ադրբեջանի ընդդիմությունը ցույց է անցկացնում Բաքվի արվարձանում, 18-ը օգոստոսի, 2013թ․

Ընդդիմադիրները պահեստային թեկնածու են փնտրում, քանի որ Իբրահիմբեկովի առաջադրման իրավական խոչընդոտները շարունակում են չհաղթահարված մնալ:

Չի բացառվում, որ արդեն մի քանի ժամից ադրբեջանցի ընդդիմադիրները հրապարակեն նախագահի միասնական այսպես կոչված պահեստային թեկնածուի անունը:

Նման տարբերակի անհրաժեշտությունը ծագեց, երբ պարզ դարձավ, որ Ռուստամ Իբրահիմբեկովի առաջադրման իրավական խոչընդոտները շարունակում են չհաղթահարված մնալ:

Հիշեցնենք՝ ադրբեջանական օրենսդրության համաձայն, երկքաղաքացի հանդիսացող անձը չի կարող մասնակցել նախագահի ընտրություններին: Այդ իսկ պատճառով, միաժամանակ թե՛ Ադրբեջանի և թե՛ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող Իբրահիմբեկովը ամիսներ առաջ պաշտոնապես դիմեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` իրեն այդ երկրի անձնագրից զրկելու խնդրանքով: Մինչ օրս, սակայն, Կրեմլից որևէ պատասխան չի հնչել, ինչի արդյունքում, ադրբեջանական անկախ լրատվամիջոցների գնահատմամբ, ընդդիմությանը հայտնվել է ցայտնոտային վիճակում:

Դրան էլ գումարած՝ Բաքվի Նարիմանովի շրջանի վարչակազմը չի վավերացնում Իբրահիմբեկովի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության` անցած շաբաթ կայացած նիստի արձանագրությունը: Սա էլ, իր հերթին, անհնարին է դարձնում Իբրահիմբեկովի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Այս ամենի ֆոնին էր, որ երկուշաբթի երեկոյան ընդդիմադիր Ազգային խորհուրդը հերթական նիստը գումարեց` մոտ յոթ ժամ շարունակ քննարկելով ստեղծված կացությունը:

Նիստի ավարտին Ռուստամ Իբրահիմբեկովի ամենամերձավոր զինակիցներից մեկը` քաղաքագետ Էլդար Նամազովը հայտարարում էր․ - «Քննարկման էր դրվել երկու տարբերակ: Կա՛մ առաջիկա օրերին հստակեցնել միասնական պահեստային թեկնածուի անունը, կա՛մ էլ ընդդիմադիր տարբեր կուսակցություններին հնարավորություն տալ սեփական թեկնածուներին առաջադրել` հետագայում նրանցից մեկին ընտրելով որպես միասնական թեկնածու: Քվեների 43 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ Ազգային խորհուրդը կանգ առավ միասնական պահեստային թեկնածուի տարբերակի վրա` փաստորեն մեկ քվեի առավելությամբ»:

Ընդդիմադիր ուժերը, սակայն, տարբեր կերպ են պատկերացնում հետագա պայքարը:

Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին պնդում է, որ նույնիսկ չգրանցվելու դեպքում Իբրահիմբեկովը պետք է վերադառնա Ադրբեջան` առաջնորդելով ընտրությունների բոյկոտի քարոզարշավը:

Առաջատար մյուս ընդդիմադիր կուսակցության` «Մուսավաթ»-ի ղեկավար Իսա Ղամբարը տրամագծորեն հակառակ տեսակետն ունի․ - «Եթե Ազգային խորհուրդը չկարողանա պահեստային թեկնածուի հարցը լուծել, իսկ Ռուստամ Իբրահիմբեկովի գրանցման հարցը վերջնականապես փակուղի մտնի, ապա «Մուսավաթ»-ը հոկտեմբերի 9-ի ընտրություններին հանդես կգա իր սեփական թեկնածուով»:

Ղամբարը, ի դեպ, ըստ Ադրբեջանում անցկացված վերջին հարցումների, բավական բարձր վարկանիշ ունի: Գերմանական Մարշալի հիմնադրամի պատվերով անցկացված հարցման համաձայն՝ Ղամբարի օգտին պատրաստ է քվեարկել արդեն կողմնորոշված ընտրողների շուրջ 30 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG