Մատչելիության հղումներ

Զինդատախազությունը երախտագիտություն է հայտնում ՀԿ-ներին


ՀՀ զինվորական դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում երախտագիտություն է հայտնել հասարակական այն կազմակերպություններին, որոնք արձագանքել են ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ, իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությանը և մասնակցել օգոստոսի 2-ին կայացած աշխատանքային խմբի անդրանիկ նիստին:

Զինդատախազությունը նման աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել հուլիսի 2-ին: Այսօր տարածած հաղորդագրության համաձայն, աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտ են ներկայացրել հինգ կազմակերպություն` «Հայկական լեգեոն» կամավորական հայրենասիրական միությունը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունները և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը:

Աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ժամանակ ձևավորվել են խմբի գործունեության հիմնական ուղղությունները, աշխատանքային ռեժիմը և կանոնակարգվել են մի շարք այլ կազմակերպչական հարցեր: Նկատի ունենալով, որ աշխատանքային խմբում քննարկման առարկա կարող են դառնալ միայն այն ավարտված կամ կասեցված գործերը, որոնցով տուժողների իրավահաջորդները ներկայացրել են այդ գործերը վերանայելու դիմում և դիմում ներկայացնելու ժամկետ էր սահմանվել օգոստոսի 26-ը ներառյալ, ուստի աշխատանքային խումբը իր հաջորդ նիստը կգումարի օգոստոսի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG