Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» Սյունիքում «մարտահրավեր կնետի» գործող համակարգին


«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Զարուհի Փոստանջյան

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը Սյունիքում թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի ընտրություններին իր մասնակցությամբ մտադիր է «մարտահրավեր նետել գործող համակարգին»:

«Պայքարը տանելու ենք բոլոր ճակատներում, այդ թվում՝ նաև Սյունիքի մարզում», - այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին՝ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով․ - «Նաև այն դեպքում, երբ Սուրիկ Խաչատրյանը դեռ այնտեղ որոշակի գործունեություն է ծավալում: Բոլոր նմանատիպ անձանցից մեր հանրապետությունը պետք է մաքրենք»:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը, մինչդեռ, «թեթեև» մրցակցություն է սպասում սեպտեմբերի 29֊ին նշանակված պատգամավորի ընտրություններին:

Թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգությունը» առաջադրել է կուսակցության Կապանի տարածքի պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանի թեկնածությունը։ Իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանն է:

2013 թվականի փետրվարի 18֊ի նախագահական ընտրությունների ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը Սյունիքում նախորդ ընտրությունների համեմատ պակաս ձայներ էր հավաքել, մասնավորապես՝ Կապան քաղաքում պարտվելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Հաշվի առնելով այն համակարգը, որը այսօր գործում է Հայաստանի Հանրապետությունում, դեռ փետրվարի 18-ին մենք նախաձեռնեցինք մարտահրավեր նետել գործող համակարգին և գործող համակարգը ըստ էության կրեց պարտություն: Չենք պատրաստվում հրաժարվել պայքարից», - մեզ հետ զրույցում հավաստիացրեց «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG