Մատչելիության հղումներ

Ռուսական նավթը Եվրոպա կարտահանվի Բաքու - Ջեյհան նավթամուղով


Ռուսաստան - Նավթամուղ կայան Նովոռոսիյսկի տերմինալում, արխիվ
Ռուսաստան - Նավթամուղ կայան Նովոռոսիյսկի տերմինալում, արխիվ
Ռուսաստանում արդյունահանված նավթն արդեն եկող տարվանից Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարով կարող է արտահանվել եվրոպական շուկաներ: Այս մասին երկուշաբթի օրը Բաքվում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:

«Այժմ բանակցություններ են ընթանում ռուսական “Роснефть” ընկերության հետ Բաքու - Նովոռոսիյսկ նավթամուղի հետադարձ` այսպես կոչված ռևերսային օգտագործման մասին: Նախատեսվում է, որ տարեկան 5 միլիոն տոննա URALS տեսակի նավթ կներմուծվի Ադրբեջան: Դրա մի մասը կվերամշակվի Բաքվում, մյուս մասը Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խոշովակաշարով կարտահանվի Արևմտյան Եվրոպա: Հետագայում նավթի այդ խմբաքանակը պետք է վերամշակվի արդեն Իտալիայում և Գերմանիայում գտնվող գործարաններում, որոնցում “Роснефть”-ը բաժնեմաս ունի», - նշել է Աբդուլաևը` հավելելով, որ այս նախագծի տնտեսական արդյունավետության հետ կապված վերջին քննարկումները կավարտվեն մինչև տարեվերջ:

«Եթե մենք վերջնական համաձայնության գանք, ապա Ադրբեջանի տարածքով ռուսական նավթի տարանցիկ արտահանումը եվրոպական շուկաներ կմեկնարկի արդեն եկող տարվանից», - հայտարարում էր Աբդուլաևը:

Այս նախագիծը կյանքի կոչելու դեպքում տեղի կունենա երկու մրցակից` Բաքու - Նովոռոսիյսկ և Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարերի փաստացի միավորումը:

Հիշեցնենք, որ մինչև Բաքու - Ջեյհան խողովակաշարի շահագործման մեկնարկը ադրբեջանական նավթի մեծ մասը արտահանվում էր հենց Բաքու - Նովոռոսիյսկ խողովակաշարով: Հետագայում, չնայած երկկողմ համաձայնագրերի առկայությանը, Ադրբեջանը հետևողականորեն նվազեցնում էր հյուսիսային ուղով Եվրոպա արտահանվող կասպիական նավթի ծավալները: Այդ հանգամանքն էր, որ ի վերջո ստիպեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին որոշում կայացնել ադրբեջանական նավթի տարանցիկ արտահանման դադարեցման մասին:

Այժմ ահա, մի քանի ամիս տևած պարապուրդից հետո, Բաքու - Նովոռոսիյսկը կարող է կրկին շահագործվել, բայց արդեն՝ հակառակ ուղղությամբ:

Այս խողովակաշարի սեփականատերը ռուսական “Транснефть” ընկերությունն է, որի փոխնախագահ Միխայիլ Բարկովն այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է․ - «Որևէ մեկը այս հարցով մեզ չի դիմել և որևէ հարց մեզ հետ չի համաձայնեցրել»:

Ուշագրավ է, սակայն, որ երեկ տված հարցազրույցում SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաևը հատուկ նշել էր, որ Բաքու - Նովոռոսիյսկ խողովակաշարով ադրբեջանական նավթի արտահանման հարցերը պետք է լուծվեն բացառապես ռուսական կողմի ջանքերով: «Սեփականատիրոջ հետ խողովակաշարի օգտագործման հարցերը պետք է լուծի “Роснефть-ը”», - ասել էր Աբդուլաևը:

Ուշագրավ է նաև, որ էներգետիկ այս հավակնոտ ծրագրի մասին տեղեկությունները հայտնվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցից բառացիորեն մի քանի օր անց: Ռուսաստանի նախագահի այցի ընթացքում, հիշեցնենք, SOCAR-ն ու “Роснефть”-ը համագործակցության հատուկ հուշագիր ստորագրեցին:

Մեկնաբանելով երկկողմ էներգետիկ համագործակցության խորացումը՝ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ հայտարարում էր․ - «Ռուսաստանն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտի խոշոր միջազգային դերակատարներ են: Այս ոլորտում երկկողմ համագործակցության ծավալները բավական մեծ են և ընդլայնման միտում ունեն: Ավելին, մենք սկսել ենք համագործակցել էներգետիկ ոլորտի նոր ուղղություններով ու ձևաչափերով: Այսօր ստորագրված համաձայնագրերը 10-15 տարվա հեռանկար ունեն: Այսօր երկար տարիների շատ լավ համագործակցության հիմք է դրվում»:

Վերջում հավելենք, որ Մոսկվան և Բաքուն Պուտինի այցի շրջանակներում համաձայնեցին SOCAR-ի և “Роснефть”-ի հիմքի վրա համատեղ ձեռնարկություն ստեղծել, որը, ըստ լրատվամիջոցների, կարող է զբաղվել Կասպից ծովում առկա նավթի ու գազի պաշարների արդյունահանմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG