Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին փակում է իր հիմնադրած հեռուստաընկերությունը


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, արխիվ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, արխիվ

Երբ ընտրությունները մոտենում են, իշխանությունները պետք է հավասար պայմաններ ստեղծեն բոլոր թեկնածուների համար, ընդգծում է Վրաստանի վարչապետը:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փակում է իր հիմնադրած «9-րդ ալիք» հեռուստաընկերությունը, որի բաժնեմասերը պատկանում են իր ընտանիքին, իր կնոջը:

Երկուշաբթի օրը Վրաստանի վարչապետը հայտարարություն տարածեց, ուր ասվում է, թե նա չի ցանկանում հեռուստաընկերություն ունենալ, որպեսզի առաջիկա նախագահական ընտրությունները անաչառ անցնեն:

Իվանիշվիլին նշել է, որ հեռուստաընկերությունը մեծ անհարմարություն է պատճառում իր ընտանիքին, հատկապես՝ նախագահական ընտրությունների կապակցությամբ, երբ երկիրը պետք է ժողովրդավարության ևս մեկ քննություն հանձնի:

«Այսօր, երբ ընտրությունները մոտենում են, լրատվամիջոցների դերը կայանում է ընտրական գործընթացների անաչառ լուսաբանման մեջ, իսկ իշխանությունները պետք է հավասար պայմաններ ստեղծեն բոլոր թեկնածուների համար», - հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ շարունակելով․ - «Հենց դրա համար անհրաժեշտ է, որ «9-րդ ալիք» հեռուստաընկերությունը և «Ինֆո 9» լրատվական գործակալությունը վաճառվեն, որպեսզի ընտրողների մոտ տպավորություն չստեղծվի, թե իշխանություն ունեցող կոալիցիայի առաջնորդի լրատվամիջոցը ջերմոցային պայմաններ է ստեղծում կոալիցիայի թեկնածուի համար՝ բարենպաստ իրավիճակում դնելով նրան»:

Իվանիշվիլիի համոզմամբ՝ իրենց «այլընտրանք չունեցող թեկնածուն» կհաղթի նաև առանց բարենպաստ պայմանների:

Նա հայտնել է, որ արդեն վաղուց փորձում էր վաճառել «9-րդ ալիք»-ը, ընդ որում՝ շուկայականից ցածր գներով, բայց այդպես էլ գնորդ չի գտնվել: Եվ Իվանիշվիլին առաջարկում է, որ մինչև սեպտեմբերի 1-ը ցանկացած գնորդ կարող է գնել հեռուստաընկերությունը՝ ամբողջ տեխնիկայով, շենքերով հանդերձ, վճարելով արժեքի մեկ երրորդը, բայց պայմանով, որ բոլոր լրագրողները մնան տեղերում, չկորցնեն իրենց աշխատանքը: Եթե մինչև սեպտեմբերի 1-ը գնորդ չլինի, ապա «9-րդ ալիք» հեռուստաընկերությունը և «Ինֆո 9» լրատվական գործակալությունը կփակվեն:

«Ես միշտ համարել եմ և այսօր ևս նույն կարծիքին եմ, որ պետության առաջին դեմքերը չպետք է ունենան իրենց հեռուստաընկերությունները», - հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել հեռուստաընկերության բոլոր աշխատակիցներին և տեղեկացրել է, որ նրանց բոլորին երկու ամսվա փոխհատուցում կտա՝ չնայած նման բան օրենսդրությամբ նախատեսված չէ:

«9-րդ ալիք»-ի սպասվող փակումը մեկնաբանել է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ հայտարարելով․ - «Վրաստանում որքան շատ հեռուստաալիքներ լինեն՝ այնքան ես ուրախ կլինեմ: Իմ ժամանակ մեծ թվով հեռուստաընկերություններ են բացվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG