Մատչելիության հղումներ

Ցանցային և հեռահաղորդակցային սարքավորումների համաշխարհային արտադրող D-Link թայվանական ընկերությունը Երեւանում և Գյումրիում հետազոտական կենտրոններ կհիմնի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմեն Շահնազարյանը:

Ընկերության գրասենյակներ կան թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում․ տվյալ մասնաճյուղերից յուրաքանչյուրում աշխատողների թիվը հասնում է մոտավորապես 8-ի: Մինչդեռ շուտով Գյումրու մասնաճյուղի հետազոտական կենտրոնում նախատեսվում է մոտ 70 ծրագրավորողի աշխատատեղ, իսկ Երևանում՝ առավելագույնը՝ 120:

D-Link ընկերության հայաստանյան մասնաճյուղը գործում է 2007 թվականից: Նման մասնաճյուղեր կան Վրաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում, Բելառուսում, Էստոնիայում և այլ երկրներում:

«Կոմերցիոն կառույց չէ, ոչինչ չենք վաճառում և վճարովի որևէ սպասարկում չունենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Արմեն Շահնազարյանը և հավելեց, որ 2011 թվականին հայաստանյան մասնաճյուղի ծրագրավորողների խմբին հանձնարարվել է մի խնդիր լուծել․ խնդրի հաջող լուծումից հետո մտահղացում է առաջացել ընդլայնել Հայաստանի մասնաճյուղը՝ հիմնելով հետազոտական կենտրոններ: Թայվանական ընկերության հայաստանյան մասնաճյուղը զբաղվում է ընկերության արտադրած ցանցային սարքավորումների որոշ ծրագրերի ապահովմամբ:

Կառավարությունը Գյումրիում հետազոտական կենտրոն կառուցելու համար «D-Link Հայաստան»-ին տրամադրել է մոտավորապես հազար քառակուսի մետր տարածք: Երևանի հետազոտական կենտրոնը նախատեսվում է բացել այս տարի հոկտեմբերին Դավթաշեն թաղամասում:

Արմեն Շահնազարյանը նշեց, որ չնայած ընկերության առաջարկած աշխատավարձին՝ ամսական միջինը 900 դոլար, քաղաքի լավագույն ծրագրավորողները չեն համաձայնում աշխատել նման պայմաններում: Իսկ բուհերում ոչ լիարժեք կրթություն ստացած ուսանողներին նման լուրջ կազմակերպությունում աշխատելու համար մոտ երկու տարի նախապատրաստել է պետք:

«Կադրերի խնդիր կա: Բացվում են ֆիրմաներ, ստանում են գրանտներ՝ կոնկրետ մեկ պրոյեկտ անելու համար: Այդ դեպքում իրենք ի վիճակի են շատ մեծ աշխատավարձ տալ, լավերին հավաքել, արագ անել, թեման փակել: Մենք այդպես չենք կարող․ մենք շարունակական աշխատանք ենք անում», - նշեց Շահնազարյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը, խոսելով Հայաստանում թայվանական ընկերության գործունեության մասին, նշեց, որ այս ընկերությունը աշխարհում ցանցային և հեռահաղորդակցային սարքավորումների համաշխարհային արտադրող ընկերությունների լավագույն հնգյակի մեջ է մտնում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում ճանաչում ձեռք կբերեն հայ ինժեներ ծրագրավորողները, իսկ Հայաստանը հեղինակություն կվայելի միջազգային շուկայի խոշոր ընկերությունների շրջանում: «Եվ Հայաստանը դառնում է շատ ավելի հրապուրիչ՝ նմանատիպ աշխատանքներ Հայաստան բերելու առումով», - ասաց Վարդանյանը:
XS
SM
MD
LG