Մատչելիության հղումներ

Պաշտոնական Մոսկվան խոստանում է խստացնել մաքսային ընթացակարգերը, եթե Կիեւը ստորագրի ԵՄ համաձայնագիրը:

Ռուսաստանի իշխանությունները հրապարակավ զգուշացնում են, թե պատրաստ են պատասխան հարված հասցնել եւ խստացնել ուկրաինացի գործարարների մուտքը ռուսական շուկա, եթե առաջիկա նոյեմբերին Կիեւը հանկարծ ստորագրի Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագիրը: Այդ մասին, մասնավորապես, նախօրեին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Սերգեյ Գլազեւը` ընդգծելով, որ «այդ փաստաթուղթը ինքնակործանիչ կդառնա Ուկրաինայի համար»:

Հիշեցնենք` անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնային Մաքսային ծառայությունը մեկ օրում եւ առանց նախազգուշացման որոշեց Ուկրաինայից ներկրվող ողջ ապրանքը ներառել «ռիսկային» խմբում, ինչը գործարարներն ու փորձագետները մեկնաբանեցին որպես առեւտրային պատերազմ եւ պատիժ` Պուտինի առաջարկած Մաքսային միությանը չմիանալու համար: Երկկողմ բանակցություններից հետո, ըստ հաղորդումների, իրավիճակը սահմանին շտկվեց, բայց` ժամանակավորապես: Կրեմլը խոստանում է «մշտական» դարձնել գործարարների համար մղձավանջային ու երկարատեւ ստուգումները, եթե Ուկրաինայի իշխանությունները համաձայնեն էլ ավելի խորացնել տնտեսական ու քաղաքական կապերը Եվրամիության հետ:

«Այդ ստուգումները դեռեւս միանգամյա բնույթ էին կրում, ներկայումս իրավիճակը կարգավորվել է, սակայն մենք ամեն դեպքում պատրաստվում ենք խստացնել մաքսային վերահսկողությունը, եթե հանկարծ Ուկրաինան կատարի այդ` ինքնասպանության տանող քայլն ու ստորագրի ԵՄ Ասոցիացման համաձայնագիրը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Գլազեւը:

Ընդ որում, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, թե Մոսկվան հարկադրված է խստացնել ընթացակարգերը, հակառակ դեպքում «եվրոպական անորակ եւ էժան ապրանքը» Ուկրաինայից կհոսի Ռուսաստան:

«Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու դեպքում ուկրաինական շուկայում կհայտնվի եվրոպական, թուրքական ու այլ ապրանքների ահռելի քանակություն, որը հետո վերստին կներմուծվի Ռուսաստան, ինչը մենք չենք ցանկանում», - ասել է Պուտինի օգնականն ու զգուշացրել, որ եվրոպական ապրանքների ազատ հոսքը վերջնականապես կոչնչացնի առեւտրային հաշվեկշիռը եւ դեֆոլտի կհասցնի երկիրը:

Մի շարք անկախ փորձագետներ, մինչդեռ, պնդում են ճիշտ հակառակը եւ փաստում, որ եվրոպական կես միլիարդանոց սպառողական շուկան ամենահարուստներից մեկն է աշխարհում, ավելին, այստեղ առեւտրային պայմանավորվածությունները եւ ներդրումները պաշտպանված են օրենքով, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ Մաքսային ծառայությունը կամ գլխավոր սանիտարական բժիշկը կարող են առանց նախազգուշացման ու համարժեք հիմնավորման` փաստի առջեւ կանգնեցնել հարյուրավոր գործարարների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG