Մատչելիության հղումներ

Ալիևի թեկնածության օգտին ստորագրահավաքն ավարտվել է


Ընդդիմության ցույց Բաքվի արվարձանում, 18 օգոստոսի, 2013թ.

Ընդդիմության ցույց Բաքվի արվարձանում, 18 օգոստոսի, 2013թ.

Ադրբեջանի գործող նախագահի թեկնածության օգտին ստորագրահավաքին մասնակցել է «Ենի Ազերբայջան» կուսակցության ավելի քան հազար ակտիվիստ։

«Ենի Ազերբայջան»-ի ղեկավար, երկրի նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը գրանցելու հարցով ստորագրահավաքի փաթեթն այսօր ներկայացվել է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:

Նովրուզովը նշել է, որ համաձայն օրենսդրության՝ ընտրարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 16-ին:

«Ենի Ազերբայջան»-ի գործադիր քարտուղար, Միլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին ավելի վաղ նույն գործակալությանն ասել էր, որ ստորագրությունները կուսակցության քարտուղարությունում ստուգվել են, բոլոր փաստաթղթերը պատրաստ են, սակայն դրանց փոխանցումը ԿԸՀ, ինչպես օրենքն է պահանջում, տեղի կունենա ընտրություններից 50 օր առաջ` օգոստոսի 20-ին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 10-ին է գրանցել Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Թեկնածուները հավաքած ստորագրությունները պետք է ԿԸՀ ներկայացնեն մինչև սեպտեմբերի 9-ը, ինչից հետո` գրանցվելու դեպքում, արդեն կարող են նախընտրական արշավ սկսել։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին։

Գործող նախագահ Իլհամ Ալիևից բացի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա դրությամբ գրանցել է ևս 11 թեկնածուների` «Ազադլիգ» կուսակցության ղեկավար Ահմեդ Օրուջին, Իլգար Մամեդովին (Ալթայ), «Ումիդ» կուսակցության ղեկավար Իգբալ Աղազադեին, Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆուադ Ալիևին, Քաղաքացիների և զարգացման կուսակցության նախագահ Ալի Ալիևին, Սոցիալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեին, Միացյալ ժողճակատի ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևին, «Արդիական Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիևին, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Ֆարաջ Գուլիևին, «Արևելք-Արևմուտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Արաստուն Օրուջլիին։ APA-ն հայտնում է, որ ինքնաառաջադրման կարգով գրանցվել է Զահիդ Օրուջը։ Դիմումներ են ներկայացրել ևս 5 քաղաքացիներ։

Ամենամեծ ինտրիգը, իհարկե, կապված է անվանի կինոբեմադրիչ և սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածության գրանցման հետ։

Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության ղեկավար Արզուման Ալիզադեն «Թրենդ» լրատվական գործակալությանը ասել է, թե Իբրահիմբեկովի Բաքու վերադառնալու հարցը փակված է համարում։

«Չեմ կարծում, որ Ռուստամ Իբրահիմբեկովը որպես թեկնածու կմասնակցի ընտրություններին։ Միացյալ միակ թեկնածուն նա պետք է լիներ, ուստի հավանական չեմ համարում, որ Ազգային խորհրդում ընդգրկված ուժերը համախմբվեն մեկ այլ թեկնածուի շուրջ», - ասել է Ալիզադեն և ավելացրել, որ Ազգային անկախության կուսակցությունը շատ վաղուց է վերապահումներ հայտնել Իբրահիմբեկովին միացյալ թեկնածու առաջադրելու գաղափարի նկատմամբ։

«Մենք շատ ենք ասել, որ կասկածներ ունենք Ազգային խորհրդի դիրքորոշման վերաբերյալ։ Մեր կանխատեսումներն իրականացան», - ասել է Ալիզադեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG