Մատչելիության հղումներ

Համազարկային կրակի այս հրթիռային համալիրը ռուսական Смерч-ի արդիականացված տարբերակն է:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 130 կիլոմետրի:

Մեր աղբյուրները, սակայն, չեն նշում համալիրների կոնկրետ թիվը՝ հավելելով, թե խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին է, որոնք համարվում են ռուսական նմանատիպ Смерч համալիրների արդիականացված տարբերակը, ավելի հեռահար են, քան Смерч-ները, և որոնց մշակման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Ռուսաստանի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները:

Վերջերս, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել Смерч համալիրներ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց AR1A նոր համալիրների ձեռքբերման մասին տեղեկությունը:

«ՀՀ ԶՈՒ-երը մշտապես համալրվում են նորագույն զինատեսակներով և բարձրացնում են մարտունակությունը: Այդ ձեռքբերումների մասին հանրությունը իրազեկվում է պարբերաբար: Մենք ունենք համալրման և ձեռքբերումների մեր հստակ պլանները և հետևում ենք դրանց»,- ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, թե նոր սպառազինությունների ձեռք բերման գործում Հայաստանի ռազմական գերատեսչությունը շեշտը դնելու է հեռահար և ճշգրիտ համակարգերի վրա:


Սարգիս Հարությունյան
XS
SM
MD
LG