Մատչելիության հղումներ

Գյուղական համայնքը պայքարում է հանքային ջրի աղբյուրի համար


Գյուղական համայնքը պայքարում է հանքային ջրի աղբյուրի համար
please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00

«Գյուղ կանգնեց՝ գերան կոտրեց»․ առնվազն ժամանակավորապես:

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչները օգոստոսի 7-ից հսկում են գյուղի տարածքում գտնվող հանքային ջրի աղբյուրը, ինչպես իրենք են անվանում՝ թթու ջուրը:

Երբ աղբյուրի մոտ սկսեց շինարարական աշխատանքներ իրականացնել «Տեխնոման» ընկերությունը, որի ներկայացուցիչները պնդում էին, թե ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, գյուղացիները խոչընդոտեցին:

«Մենք եկանք այն պահին, երբ բալգարկայով եկել էին, որ կտրեն: Այդ պահին կանգնեցրել ենք: Ասել ենք՝ մարդասպանություն կլինի, գնացեք, բերեք փաստաթղթերը», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց գյուղացիներից մեկը:

Գյուղացիները կասկածներ ունեն, որ նախկին և գործող գյուղապետերն են գործարքի մեջ մտել նախագծի հեղինակների հետ:

Գյուղացիների պնդմամբ՝ «Տեխնոման» ՍՊԸ-ն պատկանում է «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի փեսային՝ Աշոտ Նիկողոսյանին:

«Տեխնոման» ՍՊԸ-ի ներկայացուցիչները փորձեցին նույնիսկ վախեցնելու տարբերակով խոսել մեզ հետ: Մենք այս գյուղի ծնունդն ենք, այս ջրի սեփականատերերը: Ոչ մի «Տեխնոման» ՍՊԸ, որ մի Ազգային ժողովի պատգամավոր, նույնսիկ երկրի պրեզիդենտը այստեղ անելիք չունի», - ասաց գյուղացիներից մեկը՝ հավելելով, թե, իրենց տեղեկություններով, «Ջերմուկ գրուպ»֊ը մտադիր է մոտակայքում գտնվող բնական աղբյուրը նույնպես փակել․ - «Խմելու ջո՞ւրն էլ եք ուզում կտրել․․․ Մենք հասկացանք, որ իրենց արջի թաթը ուզում են դնել նաև այդ տարածքի վրա»:

Գյուղացիների խոսքով, ոչ հեռու գտնվող հանքային ջրերի գործարանը վերագործարկելու բոլոր փորձերը ձախողվել են․ - «Օլիգարխների այդ համակարգը, «Ջերմուկ գրուպ»-ի օլիգարխիկ սիստեմը չի թողնի, որ այդ գործարանը շահագործվի»:

Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հողահատկացում ինքը չի կատարել:

Նրա խոսքով, «Տեխնոման» ընկերության հետ ինքը բանավոր զրույցներ ունեցել է, բայց գրավոր թույլտվություն չի եղել:

Գրիգորյանը հավաստիացրեց, որ առանց գյուղացիների համաձայնության նշված տարածքում աշխատանքներ չեն տարվի:

Գյուղացիները, այդուհանդերձ, չեն վստահում իրենց գյուղապետին և պատրաստ են շարունակել պայքարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG