Մատչելիության հղումներ

«Մարշալի» հիմնադրամ. «Իլհամ Ալիևի վարկանիշն ընդամենը 26 տոկոս է»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեքենա վարելիս, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեքենա վարելիս, արխիվ

Ադրբեջանցի ընտրողների 54 տոկոսը կողմ է իշխանափոխությանը: Սա են վկայում գերմանական «Մարշալի» հիմնադրամի պատվերով նախագահական ընտրություններից մոտ մեկուկես ամիս առաջ Բաքվում գործող ADAM սոցիոլոգիական կենտրոնի անցկացված հարցման արդյունքները:

Հունիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում սոցիոլոգները դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով փորձել են պարզել Ադրբեջանի վեց խոշորագույն քաղաքների` այդ թվում Բաքվի, Գյանջայի, Լենքորանի թվով 1000 բնակիչների տեսակետները:

Հետազոտության արդյունքում սոցիոլոգները հանգել են բավական անսպասելի մի եզրակացության` գոնե Ադրբեջանի քաղաքային բնակչության շրջանում այսօր կտրուկ փոփոխությունների սպասելիքներ են առկա: Հարցված ադրբեջանցիների 71 տոկոսը մասնակցելու է հոկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին: Հարցվածների 29 տոկոսը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում կքվեարկի ընդդիմադիր ամենահայտնի գործիչներից մեկի` «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի օգտին, եթե նա որոշի առաջադրվել: Գործող նախագահ Իլհամ Ալիևը 26 տոկոս վարկանիշով երկրորդ տեղում է: Ընդդիմադիր Ազգային խորհրդի կողմից միասնական թեկնածու հռչակված Ռուստամ Իբրահիմբեկովը նախագահության հավակնորդների թվում, ըստ ադրբեջանցի սոցիոլոգների, երրորդն է․ նրա օգտին պատրաստ է քվեարկել ադրբեջանցի ընտրողների 16 տոկոսը:

Ուշագրավ է, որ ադրբեջանցիների մոտ 6 տոկոսը առաջիկա ընտրություններում կցանկանար քվեարկել երկրի առաջին տիկնոջ` Մեհրիբան Ալիևի օգտին, ով, սակայն, նախագահական ընտրարշավին չի մասնակցում:

Եվ չնայած Ալիևների ամուսնական զույգի միասնական վարկանիշն ավելի բարձր է, քան առաջատարի դիրքը զբաղեցրած Իսա Ղամբարինը, այնուհանդերձ հարցվածների ճնշող մեծամասնությունն առաջիկա ընտրություններին չի պատրաստվում քվեարկել իշխանության օգտին: Հետազոտության արդյունքների համաձայն, քվեարկել ցանկացող հարցվածների ճնշող մեծամասնությունը` 61 տոկոսը, հաստատապես որոշել է ձայնը տալ ոչ իշխանական թեկնածուին: Դրա հետ մեկտեղ հարցվածների մեծամասնությունը համոզված է` իշխանությունները կեղծելու են հոկտեմբերի 9-ին կայանալիք քվեարկության արդյունքները:

«Արդյո՞ք հոկտեմբերին Ադրբեջանում արդար և ազատ նախագահական ընտրություններ կանցկացվեն» հարցին դրական է պատասխանել հարցվածների միայն 18 տոկոսը: Ադրբեջանցիների 49 տոկոսի կարծիքով ընտրությունները կեղծվելու են: Հարցվածների 12 տոկոսն էլ կարծում է, որ իշխանությունները կփորձեն սովորության համաձայն կեղծել ընտրությունների արդյունքները, սակայն ընդդիմությունը դա թույլ չի տա:

Ուշագրավ է, սակայն, որ կեղծիքների դեպքում հետընտրական բողոքի ակցիաներին պատրաստ է մասնակցել հարցվածների միայն 29 տոկոսը: Ադրբեջանցիների մեկ երրորդը` 33,2 տոկոսը, պնդում է, որ նման բողոքի ակցիաներն անիմաստ են և չեն կարող հանգեցնել որևէ էական արդյունքի:

Գնահատելով Ադրբեջանում ստեղծված կացությունը հետազոտության մասնակիցների ամենամեծ խումբը` 38 տոկոսը, երկրում ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես՝ «կեղծ ժողովրդավարություն, երբ իշխանության բոլոր լծակները գտնվում են իշխող ընտանիքի ձեռքում»: Հարցվածների ևս 26 տոկոսի համոզմամբ էլ Ադրբեջանում այսօր կիսաժողովրդավարություն է, երբ պահպանվում են ժողովրդավարական միան որոշակի նորմերը` այն էլ սահմանափակ ծավալով»:

Գերմանական «Մարշալի» հիմնադրամի պատվերով և ֆինանսավորմամբ անցկացված հետազոտության շրջանակներում ադրբեջանցի սոցիոլոգները փորձել են նաև պարզել` ինչպես են պատկերացնում շարքային քաղաքացիները Ադրբեջանի ապագան, զարգացման ի՞նչ մոդել պետք է որդեգրի երկիրը: Հարցվածների 34 տոկոսի կարծիքով Ադրբեջանը պետք է զարգանա արևմտյան՝ ներառյալ թուրքական մոդելի հիման վրա: 13 տոկոսի համոզմամբ Ադրբեջանի համար ամենաօպտիմալը զարգացման խորհրդային տարբերակն է, նույնքան թվով ադրբեջանցիներ էլ համզված են, որ երկիրը պետք է կրկնօրինակի Պարսից ծոցի նավթով հարուստ երկրների` Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման ռազմավարությունը: Հարցված ադրբեջանցիների 26 տոկոսի պնդմամբ էլ Ադրբեջանը պետք է մշակի ու կյանքի կոչի զարգացման սեփական, ուրույն տարբերակը, որ նման չի լինի աշխարհում առկա մոդելներից և ոչ մեկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG