Մատչելիության հղումներ

Սարգսյան. «Մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ ընտրություններում Ալիևի հաղթանակը»


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

«Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը», - ասում է Հայաստանի նախագահը։

Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այդ մասին շաբաթ օրը ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ծաղկաձորում «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ով է նախագահի առավել նախընտրելի թեկնածու։

«Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը», - շարունակել է Հայաստանի նախագահը։

«Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր», - հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ մանրամասնելով. - «Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում»:

«Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է», - նշել է Հայաստանի նախագահը։

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև պատերազմը վերսկսելու մասին Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին, ինչպես նաև մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերման մասին Ադրբեջանի հայտարարություններին վերաբերող հարցին՝ ընդգծելով, որ սպառազինություն ունենալը չի կարող երաշխիք հանդիսանալ հաղթանակի համար և ոչ մի կերպ չի կարող ազդել ուժերի հարաբերակցության վրա:

Հանդիպման ավարտին նախագահը մասնակցել է օգոստոսի 12-ին մեկնարկած «Բազե-2013»-ի փակման առիթով կազմակերպված տոնական համերգին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG