Մատչելիության հղումներ

logo-print

Օհանյանը բացառում է հայ զինվորի առևանգման վարկածը


Հայ դիրքապահները Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Հայ դիրքապահները Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Պաշտպանության նախարարը հայտարարում է, որ արվում է հնարավորը Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու համար:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հնարավոր չի համարում ադրբեջանցի դիվերսանտների կողմից Հակոբ Ինջիղուլյանին առևանգելու վարկածը։

Ի սկզբանե տարածված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տեսողության խնդիրներ ունեցող 22-ամյա հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ օգոստոսի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով է հատել Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Բայց Ինջիղուլյանի հարազատները վերջերս սկսել էին առաջ քաշել ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքից նրան առևանգելու վարկածը:

«Հնարավոր չեմ համարում դա, որովհետև այդ դիրքերի դրվածքը, դասավորվածությունն այնպիսին է, որ կարծում եմ՝ այդ ժամանակահատվածում հնարավոր չի եղել իրեն գողանալ», - Ծաղկաձորում «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց Սեյրան Օհանյանը՝ շարունակելով․ - «Եթե իրեն գողանային՝ ինչ-որ ձևով կարտահայտվեր, հետքեր կլինեին, հաջորդ ծառայողական քննությամբ մենք բավականին միջոցառումներ ենք իրականացրել, և ոչ մի հետք չի եղել»։

Ուրբաթ օրը «Բազե» համահայկական երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում պաշտպանության նախարարը հայտարարեց, որ արվում է հնարավորը Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու համար:

«Մենք դիմել ենք Կարմիր Խաչ, Կարմիր Խաչին ստիպում ենք, որպեսզի նրանք կապ հաստատեն Ադրբեջանի Կարմիր Խաչի հետ, ստիպում ենք, որպեսզի նրանք [ադրբեջանական կողմը] զերծ մնան այն երևույթներից, որ ցույց տվեցին՝ կեղծ թարգմանություններ, ադրբեջանական համազգեստում Հակոբին ներկայացրեցին և այլն։ Եվ նաև որպեսզի արագ կերպով կապ հաստատվի Հակոբի հետ և փոխանցվի նրան, որ [վերադարձից հետո] ոչ մի քրեական հետապնդում չի լինելու, որովհետև իրականում նրա գործողության մեջ ոչ մի քրեական բան չկա », - ասաց Սեյրան Օհանյանը։

Խոսելով Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերի Ֆիրուզ Ֆարաջևի մասին՝ նախարարը նշեց, որ նրան Հակոբ Ինջիղուլյանի հետ փոխանակելու ուղղությամբ աշխատանք է տարվում։ Ադրբեջանցի զինծառայող Ֆարաջևը գերի է ընկել անցած տարվա տարվա հուլիսի 26-ին: Հայկական կողմի պնդմամբ՝ նա հատել էր հայ - ադրբեջանական սահմանը և ինքնակամ հանձնվել։ Բայց Ինջիղուլյանի գերեվարումից հետո հայտարարվեց, որ Ֆարաջևը փոխել է մտադրությունը:

«Ունենք ադրբեջանցի զինվոր, որը որ նախկինում հրաժարվում էր գնալ Ադրբեջան, բայց իր հետ աշխատանք ենք տարել, հիմա ուզում է գնալ Ադրբեջան։ Իրոք, լավ աշխատանք ենք տարել, որպեսզի կարողանանք Հակոբի հետ փոխանակել, որպեսզի արդեն կարողանանք հիմք ունենալ Հակոբի հետ փոխանակելու համար», - հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնում գերիների փոխանակման հարցը քննարկելու՝ հայկական կողմի առաջարկին արձագանքելուց: Ադրբեջանական լրատվամիջոցների հարցմանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն պատասխանել է, որ չի ցանկանում որևէ դիրքորոշում արտահայտել այդ հարցի վերաբերյալ, «քանի որ այդ հարցով զբաղվում է Ադրբեջանի համապատասխան կառույցը»։

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը իր գլխավորած «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության անունից նամակ է ուղարկել Ժնև՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կենտրոնական գրասենյակ, խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ալավերդյանը կոչ է անում միջազգային Կարմիր Խաչին և համապատասխան բոլոր միջազգային կազմակերություններին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք թույլատրեն Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներին հանդիպել Ինջիղուլյանին և ապահովեն, որպեսզի գերին կապ հաստատի իր ընտանիքի հետ:

«Իններորդ օրն է Հակոբ Ինջիղուլյանի գերության մեջ գտնվելու․ Ժնևի կոնվենցիայի 70-րդ հոդվածն ենք մեջբերել, որտեղ ասվում է, որ ամենաուշը յոթ օրվա ընթացքում պետք է կապը ապահովվի առնվազն երկու հասցեներով, մեկը՝ ընտանիքի, երկրորդը՝ ԿՄԽԿ-ի հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով․ - «Կոնվենցիան ուղղակի պահանջում է, որ ոչ թե պետությունը սպասի մինչև Կարմիր Խաչը դիմի, այլ ինքը պետք է անպայման դիմի այդպիսի կազմակերպություններին։ Եվ, վերջապես, խախտվել են մի քանի այլ հոդվածներ՝ 13-րդը, 10-րդը, որոնք խոսում են արժանապատվության, պատվի մասին, գերու պաշտպանված լինելու մասին՝ ամբոխի կամ հանրության հետաքրքրասիրությունից»։

Նախկին օմբուդսմենը նամակ է ուղարկելու նաև Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակ։
XS
SM
MD
LG