Մատչելիության հղումներ

Ակնկալվում է, որ այսօր պաշտոնական Կիևը կհայտարարի՝ բողոքելու է արդյոք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ Ռուսաստանի ձեռնարկած վերջին գործողությունների դեմ:

«Որոշումը կընդունվի երկուշաբթի»,- անցած շաբաթավերջին հայտարարեց Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ ընդգծելով, որ մինչ այդ երկու երկրների մաքսային ծառայությունները հանդիպում են ունենալու և քննարկելու են սահմանին առաջացած վիճահարույց հարցերը:

Անցած շաբաթ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը որոշեց Ուկրաինայից ներմուծվող ողջ ապրանքը միանգամից և առանց նախազգուշացման ներառել «ռիսկային խմբում», ինչը նշանակում է, որ այսուհետ ռուս մաքսավորները ուկրաինական արտադրանքը ծայրից ծայր մանրազնին քննության են ենթարկելու և մինչև դրանց ճանապարհին կանաչ լույս վառելը՝ ստիպելու են ամբողջը նախ բեռնաթափել, ապա կրկին մեքենաները բարձել: Գործարարները տարակուսած են, փորձագետներն ու քաղաքական գործիչները վստահ՝ այս քայլով պաշտոնական Մոսկվան պատժում է Ուկրաինային Պուտինի առաջարկած Մաքսային միությանը չմիանալու և դեպի Եվրոպա գնալու համար:

«Սա շատ կարևոր հարց է Ռուսաստանի համար»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանում է Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ալեքսանդր Պորտանսկին՝ ընդգծելով, - «Հարցն այն է, որ առանց Ուկրաինայի մասնակցության Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունն էապես կտուժի և կմնա թույլ, ինչպես որ կա: Ուկրաինայի անդամակցությունը խիստ կարևոր է, և Մոսկվայում դա շատ լավ են հասկանում»:

Իրավիճակը կարծես բավական պարզ են պատկերացնում նաև Եվրամիության երկրներում: Օրեր առաջ, մասնավորապես, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Թվիթեր միկրոբլոգային ցանցի իր էջում գրել էր․ - «Ի՞նչ է, Ռուսաստանը առևտրային պատերա՞զմ է սկսում Ուկրաինայի դեմ Եվրոպայի հետ հարաբերություններն արգելափակելու համար: Սա կարող է շատ լուրջ լինել»:

Իրավիճակի լրջության մասին են փաստում նաև տնտեսագիտական հաշվարկները, որոնց համաձայն, եթե Ռուսաստանը շարունակի այս քաղաքականությունը, ուկրաինական տնտեսությունն ավելի քան 2,5 միլիարդ դոլարի վնաս կկրի: Թերևս դա է պատճառը, որ առայժմ պաշտոնական Կիևը խուսափում է Կրեմլի դեմ կտրուկ հայտարարություններից: Վարչապետ Ազարենկոն, մասնավորապես, վստահեցնում է, թե իրենք հարևան երկրի հետ առևտրային պատերազմ չեն ցանկանում, պատասխան գործողություններ չեն ծրագրում և փորձում են խնդիրը կարգավորել բանակցային ճանապարհով: Հատկանշական է, սակայն, որ չնայած այս հավաստիացումներին, նույն այս օրերին Ուկրաինայի կառավարությունը որոշում է ընդունել Ռուսաստանի մի շարք նահանգներից ցորենի ներկրումը արգելելու մասին, ինչը փորձագետները ռուսներին ուղղված պատասխան քայլ են դիտարկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG