Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՀ-ի կանխատեսմամբ` ՀՀ տնտեսության մինչճգնաժամային ծավալները կվերականգնվեն 2017-ին


ԱԺ պատգամավոր (ՀԱԿ), Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան

ԱԺ պատգամավոր (ՀԱԿ), Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսության ծավալները դեռ չեն վերականգնվել 2008-2009 թվականների ճգնաժամից հետո:

Ուշագրավ է, որ հարևան Ադրբեջանն ու Վրաստանը 2009-ի անկումից հետո արդեն վերականագնել են իրենց տնտեսությունների մինչճգնաժամային մակարդակները. Ադրբեջանը դա արել է հենց հենց հաջորդ տարի՝ 2010-ին, իսկ Վրաստանը՝ 2011-ին:

Ընդ որում, եթե 2008-ին Հայաստանի ու Վրաստանի տնտեսությունները մոտավորապես հավասար էին, իսկ Սդրբեջանի տնտեսությունը հայաստանյանից մեծ էր մոտ 4.5 անգամ, ապա, ըստ ԱՄՀ-ի, գալիք տարվա վերջին Վրաստանի տնտեսությունը մեր երկրի տնտեսությունից մեծ կլինի մոտ 70%-ով, իսկ ադրբեջանական տնտեսությունը` շուրջ 8 անգամ՝ կազմելով գրեթե 90 միլիարդ դոլար:

Ազգային ժողովի պատգամավոր (ՀԱԿ), երկրի նախկին վարչապետ (1993-1996) Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե այդ թվերը վկայում են, որ նախորդ տարիներին Հայաստանի տնտեսությունը խոշոր հաշվով դոփել է տեղում և որ Հայաստանի իշխանությունների ներկայացրած վերջին տարիների վիճակագրությունը, մեղմ ասած` չի համապատասխանում իրականությանը:

«Հայաստանի կառավարությանը, վարչապետին, Ազգային վիճակագրական ծառայությանը հաջողվում է իբր աճ ցույց տալ, որը, ի դեպ, շատ ավելի ցածր է, քան Սերժ Սարգսյանի խոստացած 7 տոկոսը, համեմայն դեպս այս տարվա առաջին չորս ամսվա համար հրապարակել են 4.4 տոկոս: Մետամորֆոզը կայանում է նրանում, որ նեքին վիճակագրության առումով, դրամով մեզ աճ են ցույց տալիս, իսկ դրսի առումով` Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կայքերում մենք անընդհատ տեսնում ենք անկում», - ասաց Բագրատյանը` շարունակելով. - «Անցյալ տարվա ՀՆԱ-ն եղել է 9 մլրդ 910 մլն` 2008-ի 11 մլրդ 700 մլն դոլարի փոխարեն: Այսինքն, մենք բացահայտ անկման մեջ ենք: Ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամը գտնում է, որ Հայաստանը կվերականգնվի միայն 2017 թվականին: Տոկոսներով հաշված` մենք 2009-ի 14 տոկոսանոց անկումն ամբողջությամբ հաղթահարել ենք: Դրանից հետո բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմում է 3300 դոլար, այն դեպքում, որ 2008-ին շուրջ 4000 դոլար էր»:

Նա ընդգծեց, որ այստեղ պետք է հաշվի առնել նաև, որ վերջին չորս տարում երկրից հեռացել է 320 հազար մարդ. - «Պատկերացրեք, եթե այդ մարդիկ դուրս եկած չլինեին… Ի վերջո, Կառավարությանը հաջողվում է արտագաղթի հաշվին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելացնել: Զավեշտ է, բայց այդպես է»:

Դիտարկմանը, որ Կառավարությունը ճգնաժամից հետո հայտարարում էր, թե պետք է փոխվի տնտեսության կառուցվածը, պայքար ծավալվի մոնոպոլիաների դեմ և հարցին, թե ինչ է արվել այս ուղղությամբ, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. - «Ճիշտ հակառակն է արել` ուժեղացվել է խոշորը, ուժեղացվել են մոնոպոլիաները: Մենք հստակ տեսել ենք, թե ինչպես է հերթական օլիգարխը կամ մեծահարուստը ստանում արտոնություն` նույն Դիլիջանի դպրոցի մասով: Կամ տեսել ենք, թե ինչպես է հերթական օլիգարխը սար ստանում, ոսկու սար ստանում: Երկիրը դարձել է մի քանի օլիգարխների երկիր` մի 10-15 հոգի, որոնց մի մասը Հայաստանում է ապրում, մյուսը` արտասահմանում: Իրար հետ պայմանավորվում են, պրոեկտներ են իրականացնում: Ժողովուրդ գոյություն չունի, փող չկա, ժողովուրդը չի մասնակցում երկրի տնտեսական աճին, էներգիա չի ծախսում, չի էլ ուզում ծախսել… Ստեղծվել է իշխանությունը, որն ապրում է իր համար, ժողովուրդն ապրում է իր համար, նրանց տնտեսական շահերն իրար չեն առնչվում: Եվ սոցիալական մեկուսացումն ու բևեռացումն օրեցօր խորանում են»:

Առաջիկա տարիներին նախկին վարչապետը «ոչ մի լավ բան չի կանխատեսում». - «Չի կարելի արտագաղթի դեմն առնել այս պետությունում, որովհետև այս պետությունը չի պատրաստվում փող ծախսել կամ այս օլիգարխները չեն պատրաստվում իրենց աշխատած փողերը դնել երկրի տնտեսության վրա: Միակ հույսն այն է, որ մարդիկ դուրս գնան, այնտեղ փող աշխատեն, մի մասն ուղարկեն այստեղ, որպեսզի այդ վալյուտան գա Հանրապետություն և Կենտրոնական բանկը կուրսի խնդիր չունենա: Ինչպես նարկոմանը կախված է ասեղից, Հայաստանը կախված է արտագաղթողների ուղարկած փողի ասեղից»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG