Մատչելիության հղումներ

Քրգործ Վանաձորի հիվանդանոցում հիվանդի մահվան փաստով


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, որն առաջացրել է բուժվող հիվանդի՝ Գուրգեն Խառատյանի մահը։ Այդ մասին այսօր տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը:

Անցած տարվա նոյեմբերի 18-ին ժամը 21-ի սահմաններում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է ընդունվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի 17-ամյա բնակիչ Գուրգեն Խառատյանը, որը «ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ԴՎՍ սինդրոմ, երկկողմանի թոքաբորբ, սուր շնչառական և սիրտ անոթային անբավարարություն» ախտորոշմամբ տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նույն օրը ժամը 23:50 վերակենդանացման բաժանմունքում Խառատյանը մահացել է:

Հիվանդի մահվան պատճառները պարզելու նպատակով Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։ Օրեր առաջ ստացված եզրակացության համաձայն, բուժհաստատություններում Գուրգեն Խառատյանի վիճակի ճիշտ ախտորոշում չի իրականացվել, բուժմիջոցառումներն իրականացվել են ոչ լիարժեք ծավալներով, ոչ ժամանակին, ոչ պատշաճ, և թույլ տրված ախտորոշիչ և բուժական սխալները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ Խառատյանի մահվան հետ:

Փաստի առթիվ դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»: Գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG