Մատչելիության հղումներ

Գյուլ․ «Հուսով եմ, որ մի օր թյուրքալեզու երկրների ղեկավարները կհավաքվեն Ղարաբաղում»


Ադրբեջան - Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Աբդուլա Գյուլի և Իլհամ Ալիևի հանդիպումը Գաբալայում, 15-ը օգոստոսի, 2013թ․
Ադրբեջան - Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Աբդուլա Գյուլի և Իլհամ Ալիևի հանդիպումը Գաբալայում, 15-ը օգոստոսի, 2013թ․
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հույս ունի, որ թյուրքալեզու պետությունների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովներից մեկը հնարավոր կլինի անցկացնել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին նա հայտարարեց այսօր ադրբեջանական Գաբալա քաղաքում՝ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի երրորդ գագաթնաժողովի ընթացքում:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը այն կարևորագույն հարցերից է, որ գտնվում է թյուրքական աշխարհի օրակարգում: Ղարաբաղի խնդրում ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք այն բոլոր խաղաղ նախաձեռնությունները, որոնց հիման վրա կարող է լուծվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը` Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ հանդերձ», - հայտարարեց Գյուլը՝ հատուկ ընդգծելով․ - «Հուսով եմ, որ կգա մի օր, երբ մենք բոլորս կհավաքվենք Լեռնային Ղարաբաղի քաղաքներից մեկում»:

Համաժողովի տանտիրոջ կարգավիճակով հանդես եկող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ, դիմելով իր թյուրքալեզու գործընկներներին, նշում էր, որ խորհրդի անդամ պետությունները միջազգային կառույցներում մշտապես աջակցում են միմյանց: Այդ առումով ղարաբաղյան հիմնախնդիրը ևս բացառություն չէ:

«Մեր պետություններն իրենց նպաստն են բերում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործին: Չնայած դրան, Ադրբեջանի միջագգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը խաթարված է, հայկական կողմը ադրբեջանցիների դեմ իրականացրել է էթնիկ զտումների քաղաքականություն, խախտվել են միջազգային բոլոր նորմերը: Ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծումը կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը: Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա: Այս մոտեցումը տեղ է գտել նաև մեր գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում», - հայտարարեց Իլհամ Ալիևը:

APA գործակալության փոխանցմամբ՝ Գաբալայի գագաթնաժողովի մասնակիցների համատեղ հայտարարության 13-րդ կետում նշված է․ - «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանային անվտանգությանը խոչընդոտող գլխավոր գործոններից մեկն է: Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը կողմ է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված ցանկացած քայլին, պայմանով, որ դրանք ենթադրեն Ադրբեջանի` միջագայնորեն ճանաչված սահմանների պահպանումը»:

Ի դեպ, այս հայտարարության տակ ստորագրած երկու պետություններ` Ղազախստանն ու Ղրղըզստանը, Հայաստանի դաշնակիցներն են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG