Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները հստակեցնում են իրենց պահանջը


Ազատամարտիկների պայքարը քաղաքական երանգներ է ստանում
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Ղարաբաղյան պատերազմի վետերանները շեշտում են, որ հաց չեն մուրում իշխանություններից, այլ պահանջում են վերջ տալ ամենաթողությանն ու փրկել Հայաստանը կործանումից:

Շուրջ երեք ամիս սոցիալական խնդիրների լուծման նպատակով բողոքի ակցիաներ անցկացնող Ղարաբաղյան պատերազմի վետերանների պայքարը քաղաքական երանգներ է ստանում: Առանց իշխանությունների հրաժարականը պահանջելու՝ նրանք սկսում են առավել սուր գնահատականներ ու արտահայտություններ հնչեցնել իշխանությունների հասցեին, հենց նրան մեղադրել երկրի սոցիալ-տնտեսական վատ վիճակի, արտագաղթի, կոռուպցիայի, անարդարության, հասարակության շրջանում առկա դժգոհությունների համար։

Երեք ամիս առաջ սկսված նրանց նստացույցը Ազատության հրապարակում վերածվել է ազատամարտիկների խորհրդի բացօթյա շտաբի։ Իրենց պահանջները իշխանություններին ներկայացնող պաստառներով նրանք Ազատության հրապարակում իրենց բողոքն են հայտնում Հայաստանի վատ վիճակի համար։

Հինգշաբթի օրը Ազատության հրապարակում ազատամարտիկների անցկացրած հերթական հավաքի ժամանակ նրանք կրկին հստակեցրեցին իրենց պահանջը․ հաց չեն մուրում իշխանություններից, այլ պահանջում են վերջ տալ ամենաթողությանն ու փրկել Հայաստանը կործանումից:

«Հիմա ստացվում է՝ սոված ենք: Նման խնդիրն գոյություն չունի, էդպիսի խնդիր փորձում են ստեղծել Սեյրան Օհանյանը, Տիգրան Սարգսյանը և նմանաբարո մարդիկ», - ազատամարտիկների անունից հայտարարեց Մանվել Եղիազարյանը՝ շարունակելով․ - «Ախր մենք՝ ազատամարտիկներս, մեր ունեցվածքն ենք վաճառել, զենք ենք ձեռք բերել, գնացել թշնամու դեմ կռիվ: Հիմա մենք պիտի հացի փող ուզե՞նք, երբ որ էս ժողովուրդը սոված է, երբ որ բոլորին թալանում են տարաբնույթ անհայտ ծագման «բարեգործները»: Չկա՛ նման բան»:

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի քննադատությունն ու գնահատականներն առավել քան սուր էին։

«Երկրի հարցը պետք է լուծվի, որովհետև երկիրը կործանվում է: Եվ դրա համար նրանց հարցը մասնավոր չէ, չէին ասում՝ «թող իջնեն սրանք, նստեն սրանք, էս կուսակցությունը գնա, էս մեկը գա», ո՛չ, հարցը ֆունդամենտալ է՝ որտեղի՞ց է էս ամբողջ ստորությունը, որտեղի՞ց են այս մարդիկ, չէ որ չեն եղել մեզ հետ, մեր մեջ», - հայտարարեց Մանուչարյանը, - «88-ին այս նույն ժողովուրդն էր, նույն բանն էր անում, 88-90 թվականներին մեզ հետ միասին մեր ընկերները կանգնեցին հայրենիքի պաշտպանությանը: Մեկ էլ տեսնում ես՝ հինգ-տասը տարի անցած՝ այդ նույն մեր ընկերը, հեծած մի ջիպ կամ տասն էլ հետևից գցած, թալանում է այս երկիրը: Ի՞նչ է եղել, ի՞նչ պատահեց»:

Չնայած ազատամարտիկներն ու նրանց համակիրները անձնական քննադատություններ չեն հնչեցնում, բայց և այս հանրահավաքի ժամանակ դժգոհում էին իշխանության ներկայացուցիչներից, ովքեր ընդհանուր աղքատության ֆոնին շռայլ կյանքով են ապրում։

Մանուչարյանը նշեց, որ կոչով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրան քննադատելով շռայլ կյանքի համար մի երկրում, որի բնակչության մեծ մասը սոցիալական խնդիրներ ունի:

«Գուլպայի մի թայն է հարյուր դոլար, ոտից գլուխ հարյուր անգամ ավելի թանկ ես հագնում, ի՞նչ է պատահել, աղքատ երկրում էդ կեցվածքով նախագահ, նախարար, կուսակցապետ իրավունք ունի լինի՞, ո՞վ է թույլ տվել», - հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը:

Ղարաբաղյան պատերազմի վետերանները հայտարարում են, որ շարունակելու են պայքարել այնքան ժամանակ, մինչև իշխանությունները վճռականություն ցուցաբերեն կարգավորելու Հայաստանի վիճակն ու լուծելու երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները, ինչը, ազատամարտիկների համոզմամբ, քաղաքական կամքի դեպքում հնարավոր է։ Նրանք ակնկալում են հայաստանյան քաղաքական ուժերի աջակցությունը։ Նախորդ հանրահավաքին իր աջակցությունն է հայտնել «Ժառանգություն» կուսակցությունը, այս հանրահավաքին «Հայազն» կուսակցությունն ու մի շարք հասարակական կազմակերպություններ միացան ազատամարտիկների պայքարին։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներն ասում էին, որ առայժմ իրենց պայքարի շրջանակում զբաղված են հասարակության համախմբմամբ, իսկ առաջիկայում պետք է երկիրը կործանումից փրկելու ծրագիր մշակեն ու աշխատեն այն կյանքի կոչել։

Հաջորդ հավաքը կկայանա առաջիկա հինգշաբթի օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG