Մատչելիության հղումներ

Օգոստոսի 16-ի մամուլ


«Առավոտ» թերթում կարդում ենք. - «Հայաստանի ռազմավարական գործընկեր երկրի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի` Բաքվում արած հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի քաղաքական մեթոդներով, հայաստանյան իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների ձեռքին դարձել է դրոշակ. երկու օր է, տարբեր մենկաբանություններում իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները, հղում անելով այդ հայտարարությանը, որակումներ են տալիս, թե դա Ադբրեջանի համար «սառը ցնցուղ», «ապտակ» կամ էլի նման մի բան է: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ հրապարակային հայտարարություն պետք է աներ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարը: Արդյո՞ք Ադրբեջանին չորս միլիարդ դոլարի զենք վաճառելուց հետո Պուտինը պետք է հրապարակային խոսել ԼՂ խնդրի ռազմական լուծման մասին»: Այս հարցերի շուրջ «Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության նախկին անդամ Շահեն Պետրոսյանը նկատում է, որ Ռուսաստանը ԼՂ խնդրի կարգավորման մադրիդյան սկզբունքների մեջ վաղուց ունի այդ հարցի լուծման իր պատկերացումներն ու մոտեցումները, որոնք լիովին քաղաքական են և Մինսկի խմբի անդամ երկրի նախագահն այլ հայտարարություն չէր էլ կարող անել: «Ես չգիտեմ, թե իրենք ինչ են խոսել: Կարող է Ալիևի ականջին Պուտինը շշնջացել է` կհարձակվեք, մեր «Սմենչ»-երը լավ էլ կաշխատեն: Չգիտեմ: Բայց հրապարային ուրիշ ի՞նչ կարող է ինքն ասել», - ասում է «Առավոտ»-ի զրուցակիցը` հիշեցնելով միջազգային պատմությունից էթնիկական զտումների մի քանի դեպքեր, որոնց ժամանակ որևէ առաջնորդ բացահայտ չի հայտարարել բնաջնջումների մասին, բոլորն էլ ասել են, որ երկրում կարգ ու կանոն են հաստատում»:

lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Հետխորհրդային երկրներին իր ուղեծրում պահելու Մոսկվայի փորձերը միայն առաջին հայացքից են այդպիսին թվում: Գործնականում դրանք ԱՊՀ փլուզման սիստեմատիկ քայլերի և Ռուսաստանից հետխորհդրային երկրների վերջնական հեռացման են նման: Ուկրաինայի նկատմամբ «պատժիչ» մեթոդները՝ հատկապես Ուկրաինայից ներմուծումը կանգնեցնելու Ռուսաստանի մաքսային ծառայության վերջերս ընդունած որոշումը, Կիևին ավելի վճռական դարձրեցին Մոսկվայից կախվածությունը հնարավորինս շուտ վերացնելու հարցում: Ադրբեջանին «Սմերչ» վաճառելու Հայաստանի համար «պատժիչ» քայլը վերջնականապես կոտրեց հայերի հավատը «Ռուսաստանի հետ ռազմավարական միության» նկատմամբ: Կենտրոնասիական երկրների համար կիրառվում են վանելու այլ մեթոդներ: Մասնավորապես, Ռուսաստանի միգրացիոն վերջին նախաձեռնությունները, ստորացուցիչ գետոները միջինասիացի բանվորների համար դժգոհություն առաջացրեցին նույնիսկ Ռուսաստանին հավատարիմ երկրներում»:

«Հրապարակ»-ի գնահատմամբ` երկրի ներքաղաքական դաշտն ամայացած է, և դրանում մեծապես մեղավոր են քաղաքականապես չափազանց պասսիվ կուսակցությունները, որոնց համեմատելով մոլախոտի հետ` թերթը գրում է. - «Մոլախոտը, ի վերջո, «քաղհանել» է պետք, դրանց տեղում առողջ ու օգտակար սերմեր ցանել: Ո՞վ պետք է անի դա, եթե ոչ հասարակության առողջ ուժերը, քաղաքական կուսակցությունները, որոնք ուզում են ինչ-որ բան փոխել, երկրում առաջընթաց և զարգացում ապահովել: Իսկ որտե՞ղ են այդ առողջ ուժերը՝ կհարցնեք դուք: Ինչո՞ւ է մեր քաղաքական դաշտն այսպես ամայացել: Ողջ ամառ երիտասարդները` լավ-վատ, պայքարում էին ինչ-որ բանի դեմ, պահանջներ էին առաջ քաշում, փորձում էին պարտադրել իշխանություններին հասարակական կարծիքը հաշվի առնել: Որտե՞ղ էին այդ կուսակցությունները: Մոտ մեկ ամսից Սյունիքում խորհրդարանական ընտրություններ են, և այդ կուսակցություններից գրեթե ոչ մեկը չի պատրաստվում պայքարին մասնակցել, ՀՀԿ-ի դեմն առնել: Ինչո՞ւ: Նույն տրամաբանությամբ չեն մասնակցում նաև սոցիալական խնդիրների, արտաքին քաղաքական հարցերի քննարկմանն ու լուծմանը: Մեր կուսակցությունները, որպես կանոն, արթնանում են 5 տարին մեկ՝ ընտրությունների շեմին: Եվ փորձում են ընտրողին խաբելով հավատացնել, որ նրա կյանքը բարելավելն իրենց գերնպատակն է: Իրականում գերնպատակը քվե փախցնելն է»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. - «Ընդամենը մեկուկես տարուց լրանալու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ իրադարձությանը Թուրքիան նախապատրաստվում է վաղուց և խիստ համակարգված ձևով: Աշխարհի բոլոր կարևոր կենտրոններում մշտապես գործող թուրքական լոբբիստական խմբերին թուրքական իշխանություններն արդեն իսկ տվել են համապատասխան հանձնարարականները. ոչ միայն կասեցնելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, այլև նախահարձակ լինելու` դրա համար օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները` սկսած քաղաքականից, ավարտած մշակութային և գիտական ասպարեզներով: Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը: Բնականաբար, ռեսուրսների առումով մենք չենք կարող մրցակցել Թուրքիայի հետ, սակայն եթե զուտ ֆինանսական միջոցները մի կողմ դնենք, ապա սա այն հարցն է, որտեղ մենք կարևոր հաղթաքարտեր ունենք: Բայց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցից մեկուկես տարի առաջ արդեն իսկ պարզ է, որ դրանցից ոչ մեկը լիարժեք չենք օգտագործել: Եվ այս հարցում առաջնային մեղքը, իհարկե, Հայաստանի Հանրապետությանն է` իր իշխանություններով, հասարակական-քաղաքացիական, մշակութային օղակներով հանդերձ: Իսկ Ցեղասպանության ճանաչման գործընթացում մինչև օրս գրանցված հաջողությունների համար էլ մենք պարտական ենք բացառապես Սփյուռքի մեր կառույցներին, որոնք, սակայն, վերջին տարիներին ևս հիասթափվել ու թևաթափ են եղել»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG