Մատչելիության հղումներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնում քննարկել Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևին Ադրբեջանին վերադարձնելու հարցը: Այս մասին տեղեկացանք նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։

Ադրբեջանցի զինծառայող Ֆարաջևը գերի է ընկել անցած տարվա տարվա հուլիսի 26-ին: Հայկական կողմի պնդմամբ, նա հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և ինքնակամ հանձնվել։ Այսօր պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ հանդիպմանը հայտնել է, որ Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և Ադրբեջան վերադառնալու ցանկություն է հայտնել։ Գերին նաև շուտափույթ հանդիպում է խնդրել Հայաստանում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ուստի պաշտպանության նախարարությունը անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` Կարմիր խաչին հրավիրել է հանդիպել Ֆարաջևին: Հիշեցնենք, արդեն մեկ շաբաթ Ադրբեջանում գերության մեջ է հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ում Կարմիր խաչի Բաքվի գրասենյակը մեկ շաբաթ է չի կարողանում հանդիպել. Ադրբեջանի իշխանություններից չունի թույլտվություն։

«Ստացվում է, որ հայկական կողմը պատրա՞ստ է փոխանակում կատարել ադրբեջանցի գերու և Ինջիղուլյանի միջև», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին Արծրուն Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. - «Համապատասխան հարցերի քննարկման խնդիր է, եթե միջազգային կառույցների հետ դա քննարկվի, իհարկե, պատրաստ է՝ Կարմիր խաչի, հումանիտար նախաձեռնություններ իրականացնող կազմակերպությունների հետ։ Հայկական կողմը իրավական բոլոր հիմքերով ցանկացած գնով պատրաստ է վերադարձնել իր քաղաքացուն։ Մեր մոտ եղած զինվորին իր կամքի համաձայն տալ, և մենք ամեն ինչ անում ենք, որ մեր զինվորին բերենք»։

Դրագանա Ռանկովիչը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը: Հայկական կողմը շարունակում է մտահոգ լինել Ինջիղուլյանի ճակատագրով, ով օրերս ադրբեջանական ANS հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում ադրբեջանական զինվորական համազգեստ հագած և կապտած աչքով պատմում էր, որ դեպքի օրը մինչ սահմանն անցնելը դիրքերում հրամանատարը հարվածներ է հասցրել և ինքը գնացել է ջրի։ Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովը Կարմիր խաչին ուղղված հայտարարությամբ կոչ են արել ակտիվացնել նրան հանդիպելու ջանքերը, հիշեցնելով 2008-ին և 2010-ին գերեվարված Գոռ Մանասարյանի և Մանվել Սարիբեկյանի դեպքերը, երբ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի աշխատակիցներին այդպես էլ չհաջողվեց նրանց հանդիպել և նրանք սպանվեցին գերության մեջ, նախարարությունն ու հանձնաժողովը հույս են հայտնում, որ անցանկալի հետևանքները այս անգամ կկանխվեն։

«Մենք ունենք նախադեպը մտահոգվելու։ Մենք մտահոգված ենք նրանով, որ քաղաքացիներ ենք ունեցել այնտեղ, որոնց կորցրել ենք արդյունքում», - ասաց Հովհաննիսյանը։

Ինջիղուլյանի հայրն ու այլ հարազատներ այսօր հավաքվել էին Կարմիր խաչի Երևանյան գրասենյակի մոտ և պատրաստակամություն էին հայտնում անժամկետ այնտեղ նստել, մինչև տեղեկություն չստանան երիտասարդի վերաբերյալ։

«Քանի Կարմիր խաչը մեզ պատասխան չի տվել, մենք այստեղից չենք գնալու, պետք է՝ մի օր, մի շաբաթ, որքան պետք է՝ չենք հեռանա այստեղից, պետք է՝ ավելի շատ ժողովուրդ կհավաքվի։ Թող պատասխանեն՝ ինչու չեն գնացել, չեն տեսել երեխուն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց զինվորի հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը, - «Ծնող ենք, բա վրդովված ենք, արդեն մի շաբաթ է՝ ոչ մի տեղեկություն չունենք, չգիտեմ՝ ո՞նց են աշխատում»։

«Ինչ գնով ուզում է լինի,եղբորս պիտի վերադարձնեն, եղբայրս պիտի գա, փոխանակություն կլինի, ինչ կլինի՝ դա մեզ չի հետաքրքրում»,- ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարությունը, և շեշտեց.․ - «Ամեն վայրկյանն էլ մեծ նշանակություն ունի նրա համար»։

«Շատ ծանր է մայրը, շտապ օգնության մեքենաները տնից չեն գնում, նախկինում չորս անգամ ծանր վիրահատություն է տարել, մոր վիճակը շատ ահավոր է», - ահազանգում էին հավաքվածները։

Կարմիր խաչի գրասենյակից հավաքվածները շարժվեցին արտաքին գործերի նախարարություն։ Փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նրանց ընդունել է և տեղեկացրել, որ վաղը հանդիպում է նախատեսված Կարմիր խաչի Հայաստանի պատվիրակության ղեկավարների հետ։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG