Մատչելիության հղումներ

logo-print
Գյումրիի Վարդանանց հրապարակի շուրջ 20 եղևնիների հարցը քննարկվում է արդեն մի քանի տարի. տարբերակները երեքն են` հատել, թողնել տեղում կամ տեղափոխել:

Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված հանրային քննարկմանն այսօր մասնակցում էին հիմնականում քաղաքապետարանի աշխատակիցները: Ներկա էին նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ, արվեստագետներ:

Քննարկմանն ընդառաջ քաղաքապետարանի անցկացրած հարցմամբ ընդգրկվածների 51 տոկոսը դեմ էր արտահայտվել եղևնիների հատմանը կամ տեղափոխմանը:

Ելույթ ունեցածների մեծամասնությունն էլ` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, պաշտոնյաներ, նույն կարծիքը հնչեցրեցին:

Թեև հնչեց նաև այսպիսի կարծիք. - «Ես գտնում եմ, որ եղևնիները քաղաքի համար այսօր հարիր չեն: Որովհետև շատ գեղեցիկ ծառ է, բնության համար օգտակար, թթվածին արտադրող է, բայց` անտառում»:

Բնապահպանները փորձեցին հիմնավորել, թե ինչու չի կարելի տեղափոխել եղևնիները:

«Իմաստ չունի տեղափոխելը, որովհետև նոր տեղում դրանք չեն կպնի, չեն աճի», - ասաց «Գեոֆան» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Մարտիրոսյանը:

«Ո՞ւմ ձեռնտու այսօր եղևնեները հանելը. ընդամնեը մի երկու-երեք բիզնեսմենի: Ինչո՞ւ պետք է ողջ հասարակությունը զոհի իր ծառերը, որպեսզի մեկ-երկու բիզնեսման այդտեղ կառուցեն իրենց բանկերը կամ հյուրանոցները», - ասաց Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանը` դիմելով քննարկումը վարող փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանին. - «Շատ լավ կլիներ, եթե հրապարակեիք բոլոր այն մարդկանց ցուցակը, ովքեր դիմել են քաղաքապետարանին եղևնիների ճակատագիրը լուծելու խնդրով»:

Ի պատասխան Սանոյանն ասաց. - «Էկոնոմբանկը դիմել է: Ուրիշ ոչ ոք»:

Քննարկման, ինչպես նաև անցկացրած հարցման արդյունքները հաշվի առնելով` քաղաքապետարանը փակված համարեց եղևնիների հարցը: Այսինքն` դրանք կմնան Վարդանանց հրապարակում:
XS
SM
MD
LG