Մատչելիության հղումներ

Գերու հարազատները պատրաստ են անժամկետ նստել Կարմիր Խաչի գրասենյակի մոտ


Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցին, 12-ը օգոստոսի, 2013թ․
Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցին, 12-ը օգոստոսի, 2013թ․

«Քանի Կարմիր Խաչը մեզ պատասխան չի տվել, մենք այստեղից չենք գնալու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հակոբ Ինջիղուլյանի հայրը:

Արդեն մեկ շաբաթ ադրբեջանական գերության մեջ գտնվող զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հայրն ու այլ հարազատներ հինգշաբթի օրը հավաքվել էին Կարմիր Խաչի երեւանյան գրասենյակի դիմաց և անժամկետ այնտեղ նստելու պատրաստակամություն էին հայտնում, եթե չստանան իրենց հարցերի պատասխանները։

«Քանի Կարմիր Խաչը մեզ պատասխան չի տվել, մենք այստեղից չենք գնալու, պետք է՝ մի օր, մի շաբաթ, որքան պետք է՝ չենք հեռանա այստեղից, պետք է՝ ավելի շատ ժողովուրդ կհավաքվի։ Թող պատասխանեն՝ ինչու չեն գնացել, չեն տեսել երեխուն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց զինվորի հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը, - «Ծնող ենք, բա վրդովված ենք, արդեն մի շաբաթ է՝ ոչ մի տեղեկություն չունենք, չգիտեմ՝ ո՞նց են աշխատում»։

Հակոբ Ինջիղուլյանը գերեվարվել է օգոստոսի լույս 8-ի գիշերը։ Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի աշխատակիցները դեռ չեն հանդիպել նրան, մինչդեռ ադրբեջանական ANS հեռուստաալիքով հեռարձակվել էր հարցազրույց, որտեղ ադրբեջանական զինվորական համազգեստ հագած երիտասարդը՝ կապտած աչքով, պատմում էր, թե դեպքից ժամեր առաջ՝ մինչ սահմանն անցնելը, դիրքերում հրամանատարն իրեն հարվածներ էր հասցրել։

«Հավաքվել ենք ինչ-որ պատասխան լսելու, ութ օր է՝ ու ոչ մի բան... Ինչ գնով ուզում է լինի՝ եղբայրս պիտի վերադառնա», - ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարությունը եւ շեշտեց․ - «Ամեն վայրկյանն էլ մեծ նշանակությունը ունի նրա համար»։

«Շատ ծանր է մայրը, շտապ օգնության մեքենաները տնից չեն գնում, նախկինում չորս անգամ ծանր վիրահատություն է տարել, մոր վիճակը շատ ահավոր է»,- ահազանգում էին հավաքվածները։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովը ևս մտահոգություն են հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը ակտիվացնել Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ջանքերը, «առնվազն մտահոգիչ» որակելով այն փաստը, որ նման մանդատ և հեղինակություն վայելող կազմակերպության Բաքվի գրասենյակը մինչ օրս որևէ հնարավորություն չի ունեցել նրան այցելել։ Մանավանդ որ Ադրբեջանը նրան ադրբեջանական բանակի համազգեստով հեռուստատեսությամբ ցուցադրելով արդեն իսկ թույլ է տվել Ժնևյան կոնվենցիաների մի շարք դրույթների խախտումներ:

«Ժնևի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածը ամրագրում է, որ ռազմագերիները «պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի գործողություններից, վիրավորանքից և հանրային հետաքրքրությունից»: Հետևաբար, գերության մեջ պահող պետության լիազորված մարմինները պետք է զերծ մնան պահպանության տակ գտնվող անձին լրատվամիջոցների ուշադրությանը ենթարկելուց և կանխեն այնպիսի պատկերների հրապարակումները կամ տեսաշարերի հեռարձակումները, որտեղ տվյալ անձը կարող է անհատապես ճանաչվել», - նշված է Կարմիր Խաչին ուղղված հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է համազգեստին, Ժնևյան երրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ գերեվարվածները ոչ մի դեպքում չպետք է պարտադրված լինեն կրելու գերության մեջ պահող պետության զինվորական համազգեստը, եթե դրա կրումը համարում են իրենց պատվի դեմ ուղղված քայլ:

Հիշեցնելով 2008 և 2010 թվականներին գերեվարված Գոռ Մանասարյանի և Մանվել Սարիբեկյանի դեպքերը, երբ Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի աշխատակիցներին այդպես էլ չհաջողվեց նրանց հանդիպել, և նրանք սպանվեցին գերության մեջ, պաշտպանության նախարարությունն ու Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովը հույս են հայտնում, որ անցանկանալի հետևանքները այս անգամ կկանխվեն։

Հակոբ Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Ըստ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: «Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու», - իր հաղորդագրությունում այսօր ընդգծում է Արծրուն Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG