Մատչելիության հղումներ

Գաբալայում հանդիպում են թյուրքալեզու երկրների ղեկավարները


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Աբդուլա Գյուլի և Իլհամ Ալիևի հանդիպումներից մեկը, արխիվ

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Աբդուլա Գյուլի և Իլհամ Ալիևի հանդիպումներից մեկը, արխիվ

Ադրբեջանական Գաբալայում հինգշաբթի օրը մեկնարկում է թյուրքալեզու երկրների երկօրյա գագաթնաժողովը, որին մասնակցելու համար արդեն ժամանել են կազմակերպության անդամ Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եղբայրական Ադրբեջան է եկել արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի, ինչպես նաև տրանսպորտի և կապի նախարարի ուղեկցությամբ: Հաղորդվում է, որ արդեն երրորդ անգամ անցկացվող այս գագաթնաժողովի ընթացքում չորս թյուրքալեզու երկրների առաջնորդները կենտրոնանալու են հենց այս ոլորտների՝ հաղորդակցության միջոցներն ու ճանապարհները զարգացնելու վրա:

Հիշեցնենք, որ մի քանի ամսից Թուրքիայում շահագործման կհանձնվի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի խոսքով, «դարի ամենատպավորիչ նախագիծը»՝ Լոնդոնը Պեկինին կապող Մարմարայի ստորջրյա թունելն ու երկաթգիծը, որին հետագայում կմիանա նաև Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղին՝ վերականգնելով երբեմնի Մետաքսի ճանապարհը:

Այս ծրագրից բացի՝ այսօր մեկնարկող գագաթնաժողովի օրակարգում է նաև չորս երկրների միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու և մաքսատուրքերը վերացնելու հնարավորությունը: Այդ մասին շաբաթներ առաջ հայտարարել է թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի քարտուղար Ռամիլ Հասանովը՝ ընդգծելով, որ հարցը քննարկվելու է, և եթե իրենց պետությունների ղեկավարները կարողանան համաձայնության գալ՝ խորհրդարանները պատրաստ են շատ արագ այդ համաձայնություններին օրենքի ուժ տալ:

Քաղաքական ու տնտեսական հարցերից բացի՝ կազմակերպությունը նաև ակտիվորեն աշխատում է թյուրքալեզու երկրների միջև մշակութային ու կրթական կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Չորս երկրները, մասնավորապես, ամիսներ առաջ համաձայնել են համալսարանական խորհուրդ հիմնել, թյուրքական ակադեմիա և մշակութային ժառանգության կենտրոն բացել, բացի այդ, ակտիվորեն քննարկում են նաև միասնական լեզու ստեղծելու հեռանկարը:

Անցած ամիս, մասնավորապես, Թուրքիայի կրթության նախարար Նաբի Աբջին հայտարարեց, թե թյուրքալեզու պետություններին անհրաժեշտ է միացյալ թուրքերեն լեզու, ինչը կխթանի ժողովուրդների ինտեգրումն ու կամրապնդի պետությունների համագործակցությունը:

«Մենք արդեն հաջողությամբ իրականացնում ենք այդ ծրագիրը», - ասել է թուրք նախարարը՝ նշելով, որ առաջիկայում նախատեսվում է նաև պատմության, աշխարհագրության և գրականության միացյալ դասագրքեր ստեղծել թյուրքական աշխարհի բոլոր կրթական հաստատությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG