Մատչելիության հղումներ

Վերջին մի քանի ամիսներին Կրեմլը չի թաքցնում իր ջղաձգությունը Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններից:

«Բաքվում հրապարակված թիվը, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը հասել է 4 միլիարդ դոլարի, նաև այն, որ Պուտինը Ադրբեջան էր մեկնել բավականին տպավորիչ պատվիրակությամբ, մեսիջ է Հայաստանին, որպեսզի պաշտոնական Երևանը զերծ մնա Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացումից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, թե «այդկերպ Մոսկվան ձգտում է ցույց տալ Երևանին, թե ով է Հարավային Կովկասում իրապես ազդեցիկ դերակատար»:

Նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք համաժողովում նախատեսվում է ԵՄ - Հայաստան Ասոցացման համաձայնագրի ու Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի նախաստորագրումը:

Վերջին մի քանի ամիսներին Կրեմլը չի թաքցնում իր ջղաձգությունը Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններից: Սկզբնական շրջանում դժգոհության մասին բարձրաձայնում էին ռուս փորձագետները, նախորդ մի քանի շաբաթներին, սակայն, նրանց միացավ մեր երկրում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ով ռուսաստանյան տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցների ժամանակ անթաքույց սպառնալիքներով հանդես եկավ Հայաստանի հասցեին: Պետք է ասել՝ աննախադեպ երևույթ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությունից:

«Ռուսաստանի կողմից ուղարկվող այդ մեսիջը բավականին ուշացած է և այդ մեսիջը յուրատեսակ պատասխան է Հայաստանի [արտաքին քաղաքական] նախաձեռնություններին: Կարծում եմ, Վիլնյուսում Հայաստանն առանց խնդիրների կնախաստորագրի համաձայնագրերը: Դժվարն այն է, թե ինչ կլինի Վիլնյուսից հետո: Հայաստանի համար դժվար կլինի կյանքի կոչել վիլնյուսյան պայմանավորվածությունները, իսկ Մոսկվայի համար դժվար կլինի թույլ տալ Հայաստանին կյանքի կոչել դրանք: Սակայն, ընդհանուր առմամբ, Ռուսաստանը, իհարկե, հասկանում է, որ իր համար Հայաստանը միակ վստահելի գործընկերն է տարածաշրջանում, ուստի ավելի մեծ հարգանքի է արժանի»:

Երեկ Բաքվում լրագրողների առջև հանդես գալով հայտարարությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասաց, թե ադրբեջանա-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծավալները հասել են 4 միլիարդ դոլարի: Ընդ որում, Ռուսաստանի նախագահը գլխի շարժումով հաստատեց Ալիև-կրտսերի խոսքերը:

Ռիչարդ Կիրակոսյանը դիտարկմամբ, այդ թիվը, ըստ ամենայնի, իր մեջ ներառում է նախորդ մի քանի տարիներին կնքված բոլոր պայմանագրերի հանրագումարը:

«Սակայն, անկախ ամեն ինչից, նշվածը ցույց է տալիս, որ Ռուսաստանը դարձել է Ադրբեջանին զենք-զինտեխնիկա վաճառող թիվ մեկ երկիրը և որ Ադրբեջանը զինտեխնիկայի գնման գործում անցել է նոր մակարդակի», - ասաց Կիրկոսյանը:

Ըստ վերլուծաբանի, պակաս կարևոր հարց չէ այն, թե ինչու Ադրբեջանի նախագահը որոշեց հրապարակել այդ թիվը. - «Կարծում եմ, նպատակ կար չափազանցված ներկայացնել Ադրբեջանի ռազմական կարողությունները՝ Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին սպառնալու նպատակով: Բացի այդ, Ալիևը ցանկանում է ինքնավստահ երևալ միջազգային հանրության առջև»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG