Մատչելիության հղումներ

6-րդ դասարանի աշակերտը կուրանում է. ծնողները մեղադրում են ուսուցչուհուն


Ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Դարակերտ գյուղի մաթեմատիկայի ուսուցչուհու կողմից աշակերտին պատժելու հետևանքով վերջինիս տեսողությունից զրկելու` ծնողների պնդումների առնչությամբ:

Դարակերտի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Սարուխանյանի մայրը՝ տիկին Գայանեն, պնդում է, որ ուսուցչուհին հանձնարարությունը չկատարելու համար պատժել է աշակերտին` հարվածելով գլխին, ինչի հետևանքով երեխայի աջ աչքի տեսողությունը տուժել է 90 տոկոսով:

Տիկին Գայանեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այցելել են Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ էլ բժշկուհին ասել է, թե հարվածի հետեւանքով մահացել է աչքը սնուցող նյարդը՝ ինչը հնարավոր չէ վերականգնել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուսուցչուհին՝ Սուսանա Գալոյանը, հերքեց իրեն ուղղված մեղադրանքներն ու նշեց, որ ինքը երբեւէ երեխաներին՝ հատկապես Գեւորգին, չի հարվածել, իսկ իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները որակեց որպես հեյրուրանք:

«Ես պատիվ եմ պահանջելու ․․․»,- ասաց ուսուցչուհին:

Ակնաբուժական կենտրոնի տմնօրեն Ալեքսանդր Մալայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք իրավունք չունեն որևէ նման եզրակացություն ներկայացնել, եթե իրենց գրավոր չեն դիմել ոստիկանությունից, դատարանից կամ դատախազությունից:

Երեխայի մայրը պատմում է, որ դեպքի մասին տեղեկանալուց հետո ուսուցչուհին այցելել է երեխային, ընդունել, որ իր հարվածի հետեւանքով է երեխայի տեսողությունը վնասվել եւ առաջարկել է իր օգնությունը: Գալոյանը չի հերքում իր այցելության մասին տեղեկությունն ու պնդում է, որ որպես գյուղացի է այցելել երեխային եւ առաջարկել իր օգնությունը:

Ծնողները նշում են, որ այսօր երեխայի առօրյան գլխի վայր շուռ է եկել, ստիպված է արևային ակնոց կրել և օրվա ընթացքում հսկայական քանակով դեղեր է ընունում: Ծնողները դիմում են Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` պահանջելով, որպեսզի 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցչուհին հեռացվի աշխատանքից:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության բաժնի պետ Նորինե Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախարարությունը սպասում է ոստիկանության պատասխանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG