Մատչելիության հղումներ

Ջանքերը ակտիվացնելու կոչ Կարմիր Խաչին


Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցին, 12-ը օգոստոսի, 2013թ․

Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տալիս ադրբեջանական լրատվամիջոցին, 12-ը օգոստոսի, 2013թ․

Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովը Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը (ԿԽՄԿ) կոչ է անում ակտիվացնել օգոստոսի լույս 8-ի գիշերը ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում պատահաբար հայտնված և գերեվարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ջանքերը:

«ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը մինչ օրս որևէ հնարավորություն չի ունեցել այցելել ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ինչը նման մանդատ և հեղինակություն վայելող կազմակերպության դեպքում մենք առնվազն մտահոգիչ ենք համարում: Ավելին, տեղեկացնում ենք, որ haqqin.az կայքում տեղադրվել և հետագայում համացանցով տարածվել է ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանի՝ ադրբեջանական լրատվական գործակալությանը տված «հարցազրույցի» տեսանյութը: Նշված տեսանյութում, ինչպես օգոստոսի 13-ին տրված իր հարցազրույցում ցինիկաբար նշել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, Հակոբ Ինջիղուլյանը ներկայացել է ադրբեջանական զինվորական համազգեստով, «որպեսզի զգա հայկական և ադրբեջանական համազգեստների տարբերությունը»` նպատակ ունենալով բարոյահոգեբանական ճնշում գործադրել նրա վրա և վիրավորել արժանապատվությունը», - ասված է հաղորդագրությունում, որը տարածել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընդգծելով, որ վերոհիշյալի հետևանքով խախտվել են Ժնևյան կոնվենցիաների մի շարք դրույթներ, հանձնաժողովը շարունակում է․ - «ԿԽՄԿ-ն հայկական իշխանություններին տեղեկացրել է, որ իրենց Բաքվի գրասենյակը գերության մեջ պահող պետության հետ երկխոսության միջոցով շարունակում է ջանքեր գործադրել Հակոբ Ինջիղուլյանին այցելելու ուղղությամբ: Հուսանք, որ ԿԽՄԿ-ի ջանքերը հաջողությամբ կպսակվեն, և կկանխվեն անցանկանալի հետևանքները: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Գոռ Մանասարյանի և Մանվել Սարիբեկյանի մահվան վրդովեցուցիչ դեպքերը, ովքեր 2008 և 2010 թվականներին գերեվարվել և սպանվել էին գերության մեջ պահող պետության պաշտպանության տակ գտնվելու ընթացքում, որոնց ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել այցելել և որոնց սպանության կազմակերպիչները մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել՝ ողբերգական նախադեպեր են»:

Հաղորդագրությամբ «կրկին կոչ է արվում ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հակոբ Ինջիղուլյանին, որ չնայած ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, այնուամենայնիվ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ-ի ուժերով կազմակերպել և ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG